Կառավարության որոշումներ

23 Փետրվարի 2022, 214 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՊՏՂՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ և 7-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պտղնի համայնքում «Աբովյանի գազի ստորգետնյա պահեստավորման կայանի նոր կոմպրեսորային կայանի կառուցում» ծրագրի (այսուհետ` ծրագիր) իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պտղնի համայնքում գտնվող ֆիզիկական անձանց և համայնքին սեփականության իրավունքով պատկանող տարածքների նկատմամբ՝ համաձայն N 1 հավելվածի, ճանաչել հանրության գերակա շահ հետևյալ հիմնավորումներով`
1) ծրագիրն ունի համապետական կարևոր ռազմավարական նշանակություն, քանի որ նպաստում է էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը և սպառողների հուսալի ու անվտանգ գազամատակարարման ապահովմանը.
2) ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, և ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց սույն որոշման N 1 հավելվածում նշված տարածքների օտարման, քանի որ հողամասերի վրա կատարվող աշխատանքները հանդիսանում են գազամատակարարման համակարգի անբաժան տեխնոլոգիական մասերը:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման N 1 հավելվածում նշված տարածքների ձեռք բերող է հանդիսանում «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ ձեռք բերող).
2) սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետ է սահմանվում սույն որոշման հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 1 (մեկ) տարին.
3) սեփականության oտարման գործառույթների իրականացումը համակարգող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է (այսուհետ՝ լիազոր մարմին).
4) սույն որոշմամբ՝ հանրության գերակա շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և նկարագրության արձանագրության օրինակելի ձևով.
5) պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանվում են օրենքի հիման վրա` լիազոր մարմնի և ձեռք բերողի միջև կնքված պայմանագրին համապատասխան:
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պտղնի համայնքի վարչական սահմաններում գտնվող հանրության գերակա շահ ճանաչվող տարածքների սխեմաները՝ համաձայն NN 2 և 3 հավելվածների:
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հանրային գերակա շահ ճանաչված տարածքներում ուսումնասիրել և տարածքները ձեռք բերողին ներկայացնել դրանցում գտնվող պատմամշակութային արժեք ներկայացնող հնագիտական օբյեկտների առկայության վերաբերյալ տեղեկատվություն՝ պահպանական անհրաժեշտ միջոցառումներն իրականացնելու նպատակով:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պտղնի համայնքի ղեկավարին՝ սույն սեփականության օտարման գործընթացն ավարտելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման N 1 հավելվածում նշված հողամասերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխադրումն էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության ու էներգետիկայի գործառնական նշանակության հողերի:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

հավելված1

հավելված2

հավելված3