10 Փետրվարի 2022, 155 - Ն
ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» պարբերությունը, «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների անվտանգության տեխնիկական կանոնակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման պաշտոնական հրապարակումից հետո 1 շաբաթյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտների ցանկի հրապարակումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
4. Սույն տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքը, որը մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը ենթակա չի եղել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման և շրջանառության մեջ է դրվել մինչև սույն տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելը, թույլատրվում է շրջանառել վերջինիս պիտանիության ժամկետում՝ առանց համապատասխանության պարտադիր գնահատման մասին փաստաթղթերի և առանց համապատասխանության ազգային նշանի կիրառման։