Կառավարության որոշումներ

27 Հունվարի 2022, 130 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի՝
ա․ 19-րդ կետի 2-րդ ենթակետում «1-ին ենթակետով» բառերը փոխարինել «1-ին, 5-րդ ենթակետերով» բառերով,
բ․ 19-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ և 5-րդ ենթակետերով.
«4) 70 մլն դրամ նախահաշվային արժեքը գերազանցող՝ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով սահմանված ջրային համակարգերի կառուցման, վերակառուցման, վերականգնման, ամրակայման, նորոգման շինարարական ծրագրերի համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումները կարող են իրականացվել ջրային ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմնի (մարմինների) կողմից.
5) 70 մլն դրամ նախահաշվային արժեքը գերազանցող՝ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների կառուցման, հիմնանորոգման, վերակառուցման (վերականգնման, բարելավման) ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների, ինչպես նաև շինարարական աշխատանքների գնումներն իրականացվում են ճանապարհային ոլորտի պետական լիազոր մարմնի կողմից:»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն սկսված և չավարտված գնման գործընթացների վրա: