Կառավարության որոշումներ

27 Հունվարի 2022, 107 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 369-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 369-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագրից, 1-ին կետից և հավելվածի վերնագրից հանել «պետական» բառը.
2) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 21.1-ին և 21.2-րդ կետերով.
«21.1. Ծրագիրն իրականացվելու է երկու բաղադրիչով՝ ծախսերի մասնակի փոխհատուցման և վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման միջոցով.
21.2. Յուրաքանչյուր շահառու նույն անասնաշենքի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման նպատակով կարող է օգտվել 21.1-ին կետում նշված աջակցության միայն մեկ բաղադրիչից։».
3) որոշման հավելվածի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. Ծրագրի մասնակիցներն են`
1) ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ շահառու).
2) առևտրային բանկերը կամ վարկային կազմակերպությունները (այսուհետ՝ ֆինանսական կառույցներ), որոնք բավարարում են ծրագրի պահանջներին և սույն ծրագրի պայմաններին համապատասխան վարկ են տրամադրում շահառուներին.
3) փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման և վերակառուցման, դրանց տեխնոլոգիական ապահովման համար ծառայություններ մատուցող կազմակերպությունները (այսուհետ՝ կապալառու), որոնք կբավարարեն ծրագրով սահմանված պայմանները.
4) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն).
5) նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցը (այսուհետ՝ ԳՖԿ):».
4) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 22.1-ին, 22.2-րդ, 22.3-րդ, 22.4-րդ կետերով.
«22.1. Վարկերը կտրամադրվեն ծրագրի 20-րդ և 21-րդ կետերում նշված անասնաշենքի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման համար։ Վարկի առավելագույն գումարը պետք է համապատասխանի ծրագրի 21-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված մոդելների գնահատված ծախսերին։
22.2. Ծրագրի շրջանակում վարկերը տրամադրվելու են դրամով՝ առավելագույնը 14 տոկոս փաստացի տոկոսադրույքով։
22.3. Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որ շահառուներին վարկը տրամադրվի 2 տոկոս տոկոսադրույքով, իսկ զինվորական ծառայության պարտականությունների կատարման ժամանակ մարտական հերթապահության կամ գործողությունների իրականացման արդյունքում հաշմանդամ դարձած քաղաքացիներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերում գործունեության իրականացնող տնտեսավարողներին՝ 0 տոկոս տոկոսադրույքով։
22.4. Վարկերի մարման ժամկետը՝ մինչև 5 տարի է, մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 տարի։».
5) որոշման հավելվածի 26-րդ կետը «գործընթացը՝» բառից հետո լրացնել «ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիչով.» բառերով.
6) որոշման հավելվածի 26-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ, 12-րդ և 13-րդ ենթակետերով.
«11) փոխհատուցման գումարը նախարարության կողմից փոխանցվում է դիմումատուի հաշվեհամարին երկու փուլով՝ առաջին փուլի փոխհատուցումը կատարվում է անասնաշենքի հաստատված նախագծով նախատեսված՝ շինարարության թույլտվություն պահանջող բոլոր շինարարական-մոնտաժային աշխատանքները (այդ թվում՝ վերակառուցման) ավարտելուց և առաջին փուլի մոնիթորինգի դրական եզրակացությունից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում՝ փոխհատուցման գումարի 50 տոկոսի չափով, իսկ մնացած 50 տոկոսը (2-րդ փուլի փոխհատուցումը) տրամադրվում է անասնաշենքը տեխնոլոգիական սարքերով ապահովելուց, շահագործման հանձնելուց և երկրորդ փուլի մոնիթորինգի դրական եզրակացությունից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում.
12) ծախսերի մասնակի փոխհատուցման բաղադրիչով մոնիթորինգն իրականացնում է նախարարությունը՝ տնտեսություններ այցելությունների և փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա, յուրաքանչյուր փոխհատուցումից առաջ՝ նախանշված աշխատանքներն իրականացված լինելու վերաբերյալ շահառուի դիմումի հիման վրա՝ դիմումը ներկայացնելու պահից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում.
13) դիմումին կից ներկայացվում է՝
ա. 1-ին փուլի համար՝ շինարարության ավարտական ակտ (շահագործման թույլտվություն)` համաձայն որոշման N 5 հավելվածի N 3-1 ձևի,
բ. 2-րդ փուլի համար՝ անասնաշենքի տեխնոլոգիական ապահովման համար ձեռք բերված և տեղադրված սարքերի մասին համապատասխան փաստաթղթեր, այդ թվում՝ տեխնիկական բնութագրերը և (կամ) ծագման հավաստագրերը (առկայության դեպքում)։».
7) որոշման հավելվածի 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«27. Ծրագրին մասնակցության գործընթացը՝ վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման բաղադրիչով՝
1) ծրագրին մասնակցելու նպատակով տնտեսավարողը դիմում է ծրագրին մասնակից ֆինանսական կառույցներին՝ վարկունակության բավարար մակարդակը ճշգրտելու նպատակով.
2) ֆինանսական կառույցի վարկունակության պահանջները բավարարելու դեպքում տնտեսավարողը պետք է նախարարություն ներկայացնի՝
ա. դիմում (դիմումի ձևը հրապարակվում է նախարարության պաշտոնական կայքում),
բ. անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
գ. անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,
դ. եթե անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքը վարձակալություն, անհատույց օգտագործում, ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականություն է, ապա ներկայացվում է նաև անշարժ գույքի սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ (համասեփականատերերի) համաձայնությունը՝ նոտարական վավերացմամբ,
ե. վերակառուցման դեպքում՝ նաև վերակառուցվող անշարժ գույքի լուսանկարները.
3) նախարարությունը 2 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է փաստաթղթերի ամբողջականությունը և թղթային կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է տնտեսավարողին փաստաթղթերի ընդունման, ինչպես նաև դրանց ամբողջականության վերաբերյալ։ Եթե տնտեսավարողի ներկայացրած փաստաթղթերն ամբողջական չեն, և (կամ) դրանցում առկա են տեխնիկական սխալներ, ապա տնտեսավարողին առաջարկվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում համալրելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և (կամ) շտկելու առկա տեխնիկական սխալները: Փաստաթղթերի ամբողջական փաթեթն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում նախարարության ներկայացուցիչն իրականացնում է տեղազննություն՝ դիմումում նշված տեղեկությունների ուսումնասիրության նպատակով՝ կազմելով տեղազննության արձանագրություն.
4) սույն կետի 3-րդ ենթակետում նշված տեղազննության ժամկետի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին գրավոր տեղեկացվում է պայմանագիր կնքելու կամ պայմանագրի կնքումը մերժելու վերաբերյալ.
5) պայմանագրի կնքումը մերժվում է սույն կետի 2-րդ ենթակետում նշված փաստաթղթերից որևէ մեկի բացակայության կամ տեղազննության արձանագրության բացասական եզրակացության դեպքում.
6) տեղազննության արդյունքում պայմանագրի կնքումը մերժելու դեպքում դիմումատուին տրամադրվում է տեղազննության արձանագրությունը.
7) պայմանագիր կնքելու առաջարկն ստանալուց հետո տնտեսավարողը ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում նախարարություն է ներկայացնում՝
ա. ծրագրի 26-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերությունում նշված դասընթացի մասնակցության հավաստագիր,
բ․ շինարարության թույլտվություն,
գ. ծրագրով ներկայացված մոդելների չափորոշիչներին համապատասխանող ճարտարապետաշինարարական նախագիծ՝ որոշման պահանջներին համապատասխան.
8) ծրագրին մասնակցելու և ֆինանսական կառույցի հետ կնքվող վարկային պայմանագրերում պարտադիր ամրագրվում է դրույթ՝ վարկային պայմանագիրը կնքելու պահից անասնաշենքն առավելագույնը մեկ տարվա ընթացքում շահագործման հանձնելու վերաբերյալ.
9) պայմանագիրը կնքելուց հետո տնտեսավարողը 10 աշխատանքային օրվա ընթացքում դիմում է ֆինանսական կառույցին՝ վարկի ստացման համար ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝
ա. նախարարության հետ կնքված պայմանագրի պատճենը,
բ. սույն կետի 2-րդ ենթակետի «բ», «գ», «դ», «ե» պարբերություններում և
7-րդ ենթակետում նշված փաստաթղթերը.
10) վարկերի մարման գործընթացն իրականացվում է մայր գումարի ամսական վճարման եղանակով, վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է մայր գումարի մնացորդի նկատմամբ: Վարկի վաղաժամկետ վճարման դեպքում տույժեր և տուգանքներ չեն սահմանվում.
11) վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման գործընթացը նախաձեռնում են ֆինանսական կառույցները, որոնք իրականացնում են սույն ծրագրի պայմաններին համապատասխան գործարքներ.
12) վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումն իրականացվում է վարկի մայր գումարի և վարկի տոկոսադրույքի չսուբսիդավորվող մասի փաստացի մարումների հիման վրա, տույժերը և տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն.
13) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը ԳՖԿ–ի կողմից փոխանցվում է ֆինանսական կառույցի համապատասխան հաշվին՝ տվյալ ֆինանսական կառույցի հայտերի հիման վրա: Հայտի բովանդակությունը, ինչպես նաև ֆինանսական կառույցի կողմից ԳՖԿ-ին ներկայացվող փաստաթղթերի և տեղեկատվության պահանջները սահմանվում են ԳՖԿ-ի և տվյալ ֆինանսական կառույցի միջև կնքվող պայմանագրով։ Պայմանագրի օրինակելի ձևը մշակում է ԳՖԿ-ն՝ համաձայնեցնելով նախարարության հետ.
14) ֆինանսական կառույցը նախորդ ամսվա վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտը ԳՖԿ-ին է ներկայացնում` ոչ ուշ, քան հաջորդ ամսվա հինգերորդ աշխատանքային օրը: ԳՖԿ-ն հայտն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ֆինանսական կառույցի հետ ճշգրտում է հայտերը, ստուգում է ծրագրի պահանջներին համապատասխանությունը և դրական եզրակացության դեպքում ներկայացնում նախարարություն, որը 5 աշխատանքային օրվա ընթացքում հաշվառում է ԳՖԿ-ից ստացված հայտերը և դրանց վերաբերյալ դրական եզրակացությունները և վարկի տոկոսադրույքի սուբսիդավորման գումարը փոխանցում է ԳՖԿ-ին, որն էլ 5 աշխատանքային օրվա ընթացքում գումարը փոխանցում է համապատասխան ֆինանսական կառույցի հաշվեհամարին.
15) ֆինանսական կառույցը ԳՖԿ-ի հետ կնքվող պայմանագրով սահմանված ձևաչափով հաշվետվություն է ներկայացնում ԳՖԿ-ին.
16) ծրագրի շրջանակում վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման հայտերի ամփոփման արդյունքում ԳՖԿ-ն ձևավորում է վիճակագրական տվյալների շտեմարան, որը ներառում է ծրագրի իրականացման հետ կապված տեղեկատվությունը, արձանագրված խնդիրները և իրագործման դժվարությունները.
17) ԳՖԿ-ն ամսական պարբերականությամբ հաշվետվություն է ներկայացնում նախարարություն։ Ներկայացվող հաշվետվության ձևաչափը սահմանվում է ԳՖԿ-ի և նախարարության միջև կնքվող պայմանագրով.
18) վարկի տոկոսադրույքի սուբսիդավորումը դադարեցվում է հետևյալ դեպքերում՝
ա. եթե չեն պահպանվել ծրագրով սահմանված պահանջները, վարկը նպատակային չի օգտագործվել, մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել է սույն ծրագրի պայմանների խախտում,
բ. եթե շահառուի կողմից տրամադրվել է ակնհայտ կեղծ տեղեկատվություն,
գ. եթե առկա են տվյալ վարկի մասով վարկառուի մեկ տարվա (նախորդ 12 ամիսներ) կտրվածքով հանրագումարային վաթսուն օրվանից ավելի ժամկետանց պարտավորություններ կամ ֆինանսական կառույցի հանդեպ ունեցած ժամկետանց պարտավորությունների հետևանքով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի՝ վարկն օբյեկտիվ չափանիշներով ստանդարտ դասով դասակարգված չէ,
դ. շահառուի և ֆինանսական կառույցի միջև կնքված պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում,
ե. վարկառուի և ֆինանսական կառույցի միջև կնքված պայմանագրով նախատեսված այլ դեպքերում.
19) վարկառուի կողմից վարկի ոչ նպատակային օգտագործման կամ ներկայացված ակնհայտ կեղծ տեղեկատվության ի հայտ գալու, ինչպես նաև ֆինանսական կառույցի կողմից իրականացված մոնիթորինգի բացասական եզրակացության դեպքում ֆինանսական կառույցը պարտավոր է վարկառուի գործող վարկը հանել սուբսիդավորումից և միակողմանիորեն փոփոխել վարկի տոկոսադրույքը՝ կիրառելով տվյալ ֆինանսական կառույցում գործող գյուղատնտեսական կամ բիզնես վարկերի համար սահմանված ավելի բարձր տոկոսադրույք և մինչև այդ պահը տրամադրված սուբսիդավորման գումարը վերադարձնել՝ 3 ամսվա ընթացքում.
20) վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման բաղադրիչով մոնիթորինգն իրականացնում է ֆինանսական կառույցը՝ տնտեսություններ այցելությունների և փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա։ Անասնաշենքի կառուցումը և տեխնոլոգիական ապահովումն իրականացնելուց հետո շահառուն ֆինանսական կառույց է ներկայացնում շինարարության ավարտական ակտ (շահագործման թույլտվություն)` համաձայն որոշման N 5 հավելվածի N 3-1 ձևի և անասնաշենքի տեխնոլոգիական ապահովման համար ձեռք բերված և տեղադրված սարքերի մասին համապատասխան փաստաթղթեր, այդ թվում՝ տեխնիկական բնութագրերը և (կամ) ծագման հավաստագրերը (առկայության դեպքում).».
8) ուժը կորցրած ճանաչել հավելվածի «V. ԾՐԱԳՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԸ» բաժինը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: