27 Հունվարի 2022, 95 - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 893-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 893-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագրից և երկրորդ պարբերությունից հանել «ֆինանսական վարձակալության`» և «պետական» բառերը.
2) որոշման հավելվածի՝
ա. վերնագրից, 7-րդ կետից, 55-րդ կետից, N 1 աղյուսակից, NN 1, 2, 3 և 4 ձևերից հանել «ֆինանսական վարձակալության`» և «պետական» բառերը,
բ. 34-րդ կետում «ֆինանսական վարձակալության (լիզինգի)» բառերը փոխարինել «լիզինգի» բառով,
գ. 38-րդ կետի 4-րդ ենթակետի «է» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«է. ագրոպարենային գործունեության այլ ոլորտներ,»,
դ. 38-րդ կետի 4-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին ենթակետով.
«4.1) սույն ծրագրի 38-րդ կետի 4-րդ ենթակետում նշված ոլորտներում օգտագործվող սարքավորումներից բացի ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին կտրամադրվեն նաև ավտոամբարձիչներ և հիմնական միջոց հաշվառվող հումքի և արտադրանքի պահման մետաղյա տարողություններ ու գինեգործության ոլորտում օգտագործվող կաղնեփայտե տարաներ։»,
ե. 39-րդ, 40-րդ, 53-րդ, 55-րդ կետերից և 49-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «պետական» բառը,
զ. 40-րդ կետի 1-ին ենթակետում «8» թիվը փոխարինել «5» թվով,
է. 40-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) լիզինգը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության դրամով՝ տարեկան մինչև 12 տոկոս փաստացի տոկոսադրույքով, որի մինչև 10 տոկոսային կետը սուբսիդավորում է, արտարժույթով՝ տարեկան մինչև 9 տոկոս փաստացի տոկոսադրույքով, որի մինչև 6 տոկոսային կետը սուբսիդավորում է, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար լիզինգի տոկոսադրույքն ամբողջությամբ սուբսիդավորվում է, և լիզինգառուի կողմից վճարվող լիզինգի տարեկան տոկոսադրույքը կազմում է 0 տոկոս.»,
ը. 40-րդ կետի 5-րդ ենթակետը «1000.0 մլն դրամը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ 38-րդ կետի 4-րդ ենթակետի «դ» և «ե» պարբերություններում նշված գործունեության ոլորտների լիզինգառուների, որոնց կողմից ձեռք բերվող սարքավորումների արժեքների հանրագումարը չպետք է գերազանցի 200.0 մլն դրամը» բառերով,
թ. 40-րդ կետի 7-րդ ենթակետում «ռիսկերից (կասկո)` ՖԿ-ների» բառերը փոխարինել «ռիսկերից՝ լիզինգառուների» բառերով,
ժ. 51-րդ կետում «լիզինգի պետական» բառերը փոխարինել «լիզինգի» բառով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։