13 Հունվարի 2022, 41 - Ա
«ՀԵՐ-ՀԵՐ» ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ԵՎ «ԱՐՄԵՆԻԿՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ 100 ՏՈԿՈՍ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 373-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 435-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ ու 37-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» և «Արմենիկում» փակ բաժնետիրական ընկերությունների (այսուհետ՝ ընկերություններ)՝ 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ հետագայում օտարելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի «Արմ-Աէրո» փակ բաժնետիրական ընկերությունն առանձնացման ձևով վերակազմակերպելու մասին» N 373-Ա որոշման 2-րդ կետում «պաշտպանության նախարարին» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին» բառերով:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը «Արմենիկում» փակ բաժնետիրական ընկերության՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահելու մասին» N 435-Ա որոշումը:
4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝
1) ընկերությունների տնօրենի հետ համատեղ ապահովել ընկերությունների կանոնադրության մեջ կատարվող համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը` ընկերությունների միջոցների հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ համատեղ ապահովել ընկերությունների՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի հանձնման-ընդունման աշխատանքները՝ բաժնետոմսերի վերագրանցման հետ կապված վճարներն իրականացնելով ընկերությունների միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշման 4-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված գործընթացների ավարտից հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել պետական գույքն օտարելու վերաբերյալ առաջարկություն: