Կառավարության որոշումներ

13 Հունվարի 2022, 26 - Ն

ԱՅՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ Ի ՀԱՅՏ ԳԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 358.2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՆԹԱԿԱ ԵՆ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅԱՆ

 Հիմք ընդունելով 2019 թվականի մայիսի 29-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների
հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի 2-րդ հոդվածի 3-րդ կետը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 358.2-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով չձևակերպված ապրանքները, որոնք առգրավվել կամ այլ ձևով դարձել են
պետության սեփականությունը և (կամ) դատարանի որոշմամբ բռնագրավվել են մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման հաշվին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցված և այդ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձանց կողմից սահմանված ժամկետներում չպահանջված ապրանքները ենթակա են հետագծելիության՝ հետևյալ հանգամանքներն ի հայտ գալու դեպքում.
1) մաքսային մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա իրացում.
2) պետությանը հանձնված գույքի իրացման, ոչնչացման կամ վերամշակման գործընթացն իրականացնելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության
կառավարության լիազորած պետական մարմնին մաքսային մարմնի կողմից տրամադրված ապրանքների իրացում.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն՝ ապրանքների անհատույց տրամադրում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից: