13 Հունվարի 2022, 23 - Ա
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետը, 5-րդ ու 6.2-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Կենտրոն համայնքի Արշակունյաց պողոտայի 4 հասցեում գտնվող շենքի 11-րդ հարկից՝ 7271000 դրամ շուկայական արժեքով և 16.5 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) 5 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Ազգային կամուրջ» ենթակառուցվածքների հզորացման և մարդկային ներուժի զարգացում» հասարակական կազմակերպությանը (հասցեն՝ Կենտրոնականի 4 /Տ/ 31, Արգավանդ, 0805, գրանցման համարը՝ 211.171.1156203) (այսուհետ՝ կազմակերպություն)՝ իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝
1) կազմակերպությունը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտից հետո 15-օրյա ժամկետում.
2) կազմակերպության կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման.
3) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ կազմակերպության միջոցների հաշվին: