Կառավարության որոշումներ

30 Դեկտեմբերի 2021, 2205 - Ա

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՐՏՔԸ ՆԵՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ և 431-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» և «է» կետերը, 22-րդ հոդվածի 2-րդ մասը և 25-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ ՊՈԱԿ) (պետական գրանցման ամսաթիվը՝ 07.12.2012 թ․, համարը՝ 286.210.744303, հասցեն՝ ՀՀ, քաղ․ Երևան, Ահարոնյան փող., 12/3 շենք):
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) նախագահին`
1) ՊՈԱԿ-ի լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (մեկ անդամ), կոմիտեի (երկու անդամ` հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար) ներկայացուցիչների.
2) լուծարման հանձնաժողովի ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել ՊՈԱԿ-ի համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին.
3) հաստատել լուծարման հանձնաժողովի կողմից կազմված լուծարման հաշվեկշիռը.
4) ՊՈԱԿ-ի լուծարման աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել ՊՈԱԿ-ի գործունեության դադարեցման պետական գրանցումը.
5) տալ համաձայնություն ՊՈԱԿ-ին՝
ա․ Հայաստանի Հանրապետության այն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին, ովքեր ՊՈԱԿ-ի հետ կնքված պայմանագրով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N 1419-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) հավելվածի 2-րդ կետի, իրականացնում են հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում և ՊՈԱԿ-ին սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ունեն որոշման հավելվածի 2-րդ կետի 4-րդ պարբերությամբ սահմանված միջնորդավճարի չվճարված գումար, ազատելու վերջիններիս՝ չվճարված միջնորդավճարները վճարելուց,
բ․ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից դադարեցնել որոշման հավելվածի 2-րդ կետի 4-րդ պարբերությամբ սահմանված միջնորդավճարի գանձումը հսկիչ-դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկում իրականացնող իրավաբանական անձանցից և անհատ ձեռնարկատերերից,
գ․ Հայաստանի Հանրապետության այն հարկ վճարողներին, ովքեր ՊՈԱԿ-ից, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի N 861-Ն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետի, հսկիչ-դրամարկղային մեքենայի (այսուհետ՝ ՀԴՄ) գնի տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագրով (այսուհետ՝ պայմանագիր) ձեռք են բերել ՀԴՄ, ազատել վճարումները պայմանագրով սահմանված ժամկետում չկատարելու համար հաշվարկված և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ չվճարված տույժերից,
դ․ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից դադարեցնել պայմանագրով սահմանված ժամկետում վճարումների չկատարման համար տույժերի հաշվարկը։
3. Սահմանել, որ ՊՈԱԿ-ի՝
1) պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած՝
ա․ դրամական միջոցներն ուղղվելու են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե,
բ․ գույքի առկայության դեպքում այն ամրացվելու է կոմիտեին։
4․ ՊՈԱԿ-ի լուծարման հաշվեկշիռը կազմելու օրվա դրությամբ ՊՈԱԿ-ի դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները փոխանցվում են կոմիտեին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: