16 Դեկտեմբերի 2021, 2095 - Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշման NN 1 և 3 հավելվածներով հաստատված կարգերի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի փողոց թիվ 34/1 հասցեում գտնվող՝ 19338.0 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները (հյուրանոցային համալիր՝ 19167.7 քառ. մետր, ենթակայան՝ 115.6 քառ. մետր, պոմպակայան՝ 54.7 քառ. մետր), ինչպես նաև շենք-շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը՝ համաձայն հավելվածի, և շենք-շինությունների օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38086 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք) օտարել մրցույթով:
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2021 թվականի հոկտեմբերի 29-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը՝ 5 908 050 000 դրամ.
2) անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքը՝ 5 602 293 000 դրամ.
3) շենք-շինությունների ներսում առկա շարժական գույքի արժեքը՝ 305 757 000 դրամ.
4) անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված, հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ 278 865 000 դրամ.
5) հատկացված հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը՝ 223 376 199 դրամ.
6) մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը՝ 5 000 000 000 դրամ.
7) մրցույթի մասնակցելու նախավճարը՝ գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 250 000 000 դրամ, որը մրցույթի հաղթող ճանաչված մասնակցի (այսուհետ` գնորդ) համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Մրցույթում հաղթող չճանաչված, ինչպես նաև մասնակցի կարգավիճակ չստացած հայտատուին (հայտատուներին) մրցույթի մասնակցության նախավճարը վերադարձվում է մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վար՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ իրենց կողմից ներկայացված հաշվեհամարին.
8) գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման ծառայությունների վճարը՝ 4 944 600 դրամ գումար (ներառյալ ավելացված արժեքի հարկը), որը ենթակա է վճարման մրցույթի արդյունքների մասին արձանագրությունն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում՝ գնահատողի համապատասխան հաշվին ու չի ներառվում մրցույթի արդյունքում գնորդի առաջարկած գնի մեջ.
9) գույքի մրցույթի արդյունքում ձևավորված օտարման արժեքը ենթակա է վճարման 5 տարվա ընթացքում հավասարաչափ՝ ըստ հետևյալ ժամանակացույցի՝
ա. 1-ին վճարում՝ սույն որոշման 6-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված ժամանակահատվածում,
բ. 2-րդ վճարում՝ ոչ ուշ, քան 2023 թվականի հուլիսի 1-ը,
գ. 3-րդ վճարում՝ ոչ ուշ, քան 2024 թվականի հուլիսի 1-ը,
դ. 4-րդ վճարում՝ ոչ ուշ, քան 2025 թվականի հուլիսի 1-ը,
ե. 5-րդ վճարում՝ ոչ ուշ, քան 2026 թվականի հուլիսի 1-ը:
3. Կոմիտեի նախագահին՝
1) մրցույթի անցկացման օրվանից առնվազն 30 օր առաջ կոմիտեի պաշտոնական և Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների և մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ՝ հրապարակային ծանուցելով, որ գույքի մի մասը ժամանակավորապես բնակեցված է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
3) առաջին մրցույթի ժամանակ գույքը չվաճառվելու դեպքում գույքի վաճառքի նպատակով կազմակերպել ևս մեկ մրցույթ.
4) սույն որոշման 2-րդ կետի 8-րդ ենթակետով և 9-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված վճարումներից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել գույքի օտարման և գրավի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը.
5) սույն որոշման 2-րդ կետի 9-րդ ենթակետով նախատեսված և 6-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված տույժերի (դրանց առկայության դեպքում) մասով վճարումները չկատարելու դեպքում գույքը ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետությանը՝ գույքի նկատմամբ իրականացված անբաժանելի բարելավումներով, գույքի առկա վիճակով ու քանակով:
4. Սահմանել, որ՝
1) մրցույթի հաղթողին որոշելու համար հիմք են ընդունվում հետևյալ պայմանները և պայմանների գնահատման կշռային գործակիցները՝
ա. գույքի համար առաջարկվող գին (չի կարող ցածր լինել սույն որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված արժեքից)՝ արտահայտված մեկ թվային մեծությամբ՝ գործակիցը՝ 0.7,
բ. գործարար ծրագրին համապատասխան իրականացվելիք ներդրումների չափ (արտահայտված մեկ թվային մեծությամբ), որից հաշվարկվում է առաջին 5 տարիների (ներառյալ 2026 թվականը) ծավալը և տրվում է 0.3 կշռային գործակից.
2) հաղթող է ճանաչվում լավագույն պայմաններ առաջարկած և ըստ կշռային գործակիցների առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը.
3) հավասար պայմանների դեպքում նախապատվությունը տրվում է գույքի համար բարձր գին առաջարկած մասնակցին.
4) գույքը ենթակա է գրավադրման Հայաստանի Հանրապետության օգտին՝ մինչև գույքի գնորդի կողմից Հայաստանի Հանրապետության հանդեպ ունեցած պարտավորությունների ամբողջական կատարման ավարտը։ Գույքի օտարման և գրավի պայմանագրով նախատեսել, որ մինչև պայմանագրային պարտավորությունների (սույն որոշման 2-րդ կետի 9-րդ ենթակետով նախատեսված վճարումների) կատարումը գույքը (բացառությամբ շենք-շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքի) համարվում է գրավադրված Հայաստանի Հանրապետության օգտին և առանց կոմիտեի գրավոր համաձայնության գնորդն իրավունք չունի գրավի առարկան օտարելու, այն տրամադրելու վարձակալության, անհատույց օգտագործման կամ այլ կերպ տնօրինման։ Գրավ դրված գույքը կոմիտեի գրավոր համաձայնությամբ օտարելիս կամ համապարփակ իրավահաջորդության կարգով այդ գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս գրավի իրավունքը պահպանելու է իր ուժը և նոր գնորդն իրավահաջորդության կարգով ստանձնելու է գործարքի արդյունքում գնորդին վերապահված ամբողջ պարտավորությունները։
5. Գնորդի կողմից սույն որոշման 2-րդ կետի 8-րդ ենթակետով և 2-րդ կետի 9-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված ժամկետում վճարումները չկատարելու դեպքում մրցույթը համարվում է չկայացած, և կազմակերպվում է նոր մրցույթ՝ նույն պայմաններով։
6. Սահմանել, որ՝
1) գնորդը սույն որոշման 2-րդ կետի 9-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված 1-ին վճարումը կատարում է մրցույթի արդյունքների մասին արձանագրությունն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության արժույթով, ընդ որում՝
- հողամասի կադաստրային արժեքը՝ 223 376 199 դրամ, վճարում է համապատասխան գանձապետական հաշվին,
- շենք-շինությունների ներսում առկա շարժական գույքի արժեքը՝ գույքի վաճառքի գնի (առանց հողամասի կադաստրային արժեքի) նկատմամբ 5.3786 տոկոս համամասնության հաշվարկով՝ համապատասխան գանձապետական հաշվին,
- գույքի վաճառքի՝ սույն որոշման 2-րդ կետի 9-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված գումարի մնացած մասի 70 տոկոսն ուղղել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի.
2) սույն որոշման 2-րդ կետի 9-րդ ենթակետի «բ»-«ե» պարբերություններով սահմանված գույքի վաճառքի գնի վճարման ենթակա մնացած մասը, ինչպես նաև 6-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված տույժերը (դրանց առկայության դեպքում) վճարվում են՝ 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի.
3) սույն որոշման 2-րդ կետի 9-րդ ենթակետի «բ»-«ե» պարբերություններով սահմանված ժամկետներում վճարումները չկատարելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար գնորդը վճարում է տույժ՝ վճարման ենթակա գումարի 0.1 տոկոսի չափով, բայց ոչ ավելի 30 (երեսուն) աշխատանքային օրվա հաշվարկից.
4) սույն որոշման 6-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված ժամկետի ավարտից հետո տույժով հաշվարկված վճարումներից որևէ մեկը չկատարելու դեպքում կոմիտեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կձեռնարկի համապատասխան միջոցներ, ընդ որում, գնորդի վճարած և ներդրած գումարները ենթակա չեն վերադարձման:
7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ստեղծել գույքի օտարման մրցութային հանձնաժողով։