16 Դեկտեմբերի 2021, 2085 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻ ՇԱՐՔ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐԳԵԼՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 47-րդ հոդվածը և «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 27-րդ պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել արտահանման ժամանակավոր արգելք վեց ամիս ժամկետով՝
1) ԱՏԳ ԱԱ 4101` խոշոր եղջերավոր անասունների (ներառյալ գոմեշների) կամ ձիազգի կենդանիների (թարմ կամ աղադրված, չորացրած, մոխրած, աղջրած կամ այլ կերպ պահածոյացված, բայց չդաբաղած, չմագաղաթացրած կամ հետագա մշակման չենթարկված) չմշակված մորթեր՝ մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված.
2) ԱՏԳ ԱԱ 4102` ոչխարների չմշակված մորթեր կամ գառների մորթիկներ (թարմ կամ աղադրված, չորացրած, մոխրած, աղջրած կամ այլ կերպ պահածոյացված, բայց չդաբաղած, չմագաղաթացրած կամ հետագա մշակման չենթարկած)՝ բրդյա ծածկույթով կամ առանց բրդյա ծածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված.
3) ԱՏԳ ԱԱ 4103` այլ չմշակված մորթեր (թարմ կամ աղադրված, չորացրած, մոխրած, աղջրած կամ այլ կերպ պահածոյացված, բայց չդաբաղած, չմագաղաթացրած կամ հետագա մշակման չենթարկած)՝ մազածածկույթով կամ առանց մազածածկույթի, կրկնորդված կամ չկրկնորդված:
2․ Սույն որոշման 1-ին կետով նախատեսված արգելքը չի տարածվում՝ «Ժամանակավոր ներմուծում», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգերով ձևակերպված և հետագայում վերաարտահանվող, հետագայում վերաներմուծման պայմանով «Վերամշակում՝ մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով ձևակերպվող վերոնշյալ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող ապրանքների վրա:
3․Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սահմանված կարգով ծանուցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն որոշման 1-ին կետով սահմանված ապրանքների արտահանման ժամանակավոր արգելքի մասին:
4. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի կատարման նկատմամբ վերահսկողությունը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի դեկտեմբերի 17-ից և գործում է մինչև 2022 թվականի հունիսի 17-ը։