9 Դեկտեմբերի 2021, 1988 - Ա
«ՀԱՅ-ԱԼՄԱՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 12-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ադամանդագործական ընկերությունների կոնսոլիդացված պահանջարկն սպասարկելու, այն է՝ նույն ընկերությունների կողմից իրականացված կանխավճարների հաշվին ալմաստի հումք արդյունահանող ընկերություններից միասնական (մեկ լոտով) գնումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ադամանդագործական ընկերություններին մեկ լոտով փոխանցելու նպատակով հիմնադրել «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերություն (այսուհետ` ընկերություն):
2. Սահմանել, որ ընկերությունն ալմաստի հումք արդյունահանող ընկերություններից միասնական (մեկ լոտով) գնումներ է կատարելու բացառապես նույն ընկերություններից այդ նպատակով ստացած կանխավճարների հաշվին:
3. Սահմանել, որ ընկերությունն ալմաստի հումք արդյունահանող ընկերություններից գնում է կատարելու բացառապես այն խմբաքանակի և (կամ) լոտի, որն ընտրել են ընկերությանը կանխավճար (կանխավճարներ) փաստացի վճարած Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ադամանդագործական ընկերությունների լիազոր ներկայացուցիչները:
4. Սահմանել, որ ընկերությունը գնված խմբաքանակը և (կամ) լոտը՝ անկախ կազմից և պարունակությունից, պետք է հանձնի կանխավճար փաստացի վճարած ընկերությունների լիազոր ներկայացուցչին և անմիջապես հաշվանցի կանխավճարի գումարը՝ ստանալով միայն կոմիսիոն վարձատրություն գործարքի կազմակերպման համար:
5. Սահմանել, որ ընկերությանն իրավունք չի վերապահվում իր հաշվին և (կամ) իր ռիսկով գնել և (կամ) վաճառել ալմաստի որևէ խմբաքանակ և (կամ) լոտ:
6. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 50 մլն դրամ, որը համապատասխանում է 500 հատ հասարակ բաժնետոմսի, յուրաքանչյուրը` 100,000 դրամ։
7. Սահմանել, որ ընկերության գործունեության արդյունքում ընկերության զուտ ակտիվները չեն կարող նվազել քան կանոնադրական կապիտալի 70 տոկոսը։
8. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ «Հայ-Ալմաստ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու նպատակով սույն որոշումն ընդունվելուց հետո 15-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում ու լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին:
9. Ընկերության պետական սեփականություն հանդիսացող 100 տոկոս բաժնետոմսերի փաթեթի կառավարման լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը (այսուհետ՝ լիազոր մարմին):
10. Ընկերության հիմնադրման հետ կապված «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մյուս լիազորությունները վերապահել լիազոր մարմնին։