25 Նոյեմբերի 2021, 1915 - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 112-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված քաղաքացիների օգնության միջոցառումը և այդ օգնությունը տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 112-Լ որոշման՝
1) N 1 հավելվածի 1-ին կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Սույն կետում նշված տեղեկանքը կամ այդ տեղեկանքով տրամադրված տվյալների փոփոխությունները (եթե տեղեկանքը տրամադրելուց հետո լրացուցիչ ուսումնասիրությամբ պարզվել է, որ անձը չի հանդիսանում սույն միջոցառման շահառու) համայնքի ղեկավարը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին (այսուհետ՝ մարզպետարան) տրամադրում է վերջինիս հարցման հիման վրա։»․
2) N 1 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է մարզպետարանի կողմից մինչև 2021 թվականի հուլիս ամիսը՝ ներառյալ, իսկ 2021 թվականի օգոստոս-դեկտեմբեր ամիսների համար՝ նաև մինչև 2021 թվականի դեկտեմբերի 5-ը՝ ներառյալ, տրամադրված՝ սույն կարգի 1-ին և 1.1-ին կետերում նշված անձանց տվյալների հիման վրա՝
1) միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուի համար 300 000 դրամ, այդ թվում՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 1-ը՝ ներառյալ, ծնված երեխաներին.
2) ամենամսյա դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր շահառուի հաշվով ամսական 68 000 դրամ՝ սկսած սույն միջոցառումը հաստատելու ամսվանից՝ մինչև 2021 թվականի դեկտեմբեր ամիսը՝ ներառյալ, անկախ շահառուի տվյալները սույն կետում նշված ժամկետներում ներկայացվելու ամսվանից (նոր ծնված երեխաների դեպքում՝ երեխայի ծննդյան ամսվանից սկսած)։»․
3) N 2 հավելվածի 2-րդ կետում «նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն)» բառերը փոխարինել «նախարարության միասնական սոցիալական ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)» բառերով.
4) N 2 հավելվածի 4.1-ին կետում «հուլիս ամիսը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 1-ը՝» բառերով, իսկ «նախարարությանը» բառը փոխարինել «մինչև 2021 թվականի դեկտեմբերի 5-ը՝ ներառյալ, ծառայությանը» բառերով.
5) N 2 հավելվածի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 9-րդ և 12-րդ կետերում «նախարարությունը» բառերը և համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ծառայությունը» բառերով և համապատասխան հոլովաձևերով.
6) N 2 հավելվածի 5-րդ կետը «ռեգիստրի,» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (այսուհետ՝ ՍԷԿՏ) համակարգի,» բառերով.
7) N 2 հավելվածի 6-րդ կետը «տվյալներին),» բառից հետո լրացնել «կամ համաձայն ՍԷԿՏ համակարգի տվյալների՝ անձը տվյալ ամսվա 1-ի դրությամբ չի գտնվել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում,» բառերով, իսկ «ներառում» բառից հետո լրացնել «տվյալ ամսվա» բառերով.
8) N 2 հավելվածի 11-րդ կետը «օրը» բառից հետո լրացնել «, բացառությամբ 2021 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսների» բառերով․
9) N 2 հավելվածը 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին կետով․
«11.1. 2021 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսների համար դրամական աջակցությունը վճարվում է 2021 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում։»։
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, Հայաստանի Հանրապետության բնակության այլ վայրի հասցեում հաշվառված քաղաքացիներին օգնության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական
սոցիալական ծառայությանը տրամադրել՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 112-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակներում աջակցություն ստացած (տվյալները վճարման ցուցակ ներառված) այն անձանց տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, հանրային ծառայությունների համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը, եթե անձը, իսկ եթե շահառուն անչափահաս է՝ ծնողը կամ խնամակալը, հրաժարվել է հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց), որոնց տվյալները տրամադրելուց հետո լրացուցիչ ուսումնասիրությամբ պարզվել է, որ չեն հանդիսանում սույն ենթակետում նշված միջոցառման շահառուներ՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։