Կառավարության որոշումներ

25 Նոյեմբերի 2021, 1919 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 498 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 11-ի «Քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի վրա բնակելի, հասարակական, արտադրական նշանակության շենքերի ու շինությունների կառուցումը սահմանափակելու մասին» N 498 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման նախաբանում «2-րդ կետին» բառերը փոխարինել «1-ին մասի 4-րդ կետին և 2-րդ մասին» բառերով.
2) որոշման վերնագրում «կառուցումը սահմանափակելու» բառերը փոխարինել «կառուցման» բառով.
3) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետը և նույն կետով հաստատված հավելվածը.
4) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «սույն որոշմամբ հաստատված ցանկում չընդգրկված» բառերը փոխարինել «(բացառությամբ Երևան քաղաքում և այլ հաստատված գլխավոր հատակագիծ ունեցող համայնքներում)» բառերով.
5) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Մինչև համայնքների գլխավոր հատակագծերի հաստատումը սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետով սահմանված չափերով կառուցապատում իրականացնելիս համապատասխան չափի հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված է համարվում պարզեցված կարգով՝ համայնքի ավագանու կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու որոշման հիման վրա (առանց Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի N 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության), և համայնքի ղեկավարի կողմից շինարարության թույլտվություն տրամադրվելուց հետո արտացոլվում է հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշիռներում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: