Կառավարության որոշումներ

23 Փետրվարի 2006, 393 - Ն

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Քրեակատարողական ծառայողի պաշտոնային դրույքաչափը բարձրացվում է՝

ա) պաշտոնային դրույքաչափի 10 տոկոսի չափով, եթե տվյալ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների թիվը, որոնք ազատազրկումը պետք է կրեն կիսափակ տեսակի քրեակատարողական հիմնարկներում, գերազանցում է քրեակատարողական հիմնարկում սահմանված լրակազմի 50 տոկոսը.

բ) պաշտոնային դրույքաչափի 10 տոկոսի չափով` մինչև 6 բժշկական հաստիքային միավոր ունեցող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար աշխատելու համար.

գ) պաշտոնային դրույքաչափի 15 տոկոսի չափով, եթե տվյալ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների թիվը, որոնք ազատազրկումը պետք է կրեն փակ տեսակի քրեակատարողական հիմնարկներում, միասին վերցրած, գերազանցում է քրեակատարողական հիմնարկում սահմանված լրակազմի 50 տոկոսը.

դ) պաշտոնային դրույքաչափի 15 տոկոսի չափով` 6-ից ավելի բժշկական հաստիքային միավոր ունեցող կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար աշխատելու համար.

ե) պաշտոնային դրույքաչափի 20 տոկոսի չափով` բժշկական աշխատանքային կամ բժշկական փորձաքննության հանձնաժողովի նախագահ կամ անդամ լինելու համար.

զ) պաշտոնային դրույքաչափի 20 տոկոսի չափով` բարձր լեռնային` ծովի մակերևույթից 2000-3000 մետր բարձրության վրա գտնվող վայրում աշխատելու համար, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 8-ապատիկը, սակայն 8000 դրամից ոչ ավելի.

է) պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսի չափով` բարձր լեռնային` 3000 մետր և ավելի բարձրության վրա գտնվող վայրում աշխատելու համար, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 8-ապատիկը, սակայն 8000 դրամից ոչ ավելի.

ը) պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով՝ առողջության համար վնասակար աշխատանքներ կատարելու համար, մասնավորապես՝

համաճարակաբանական, բակտերիոլոգիական, վիրուսաբանական բաժնում, բաժանմունքում կամ լաբորատորիայում աշխատելու համար,

ռենտգենյան, բժշկական ռադիոլոգիական (բոլոր պրոֆիլների) բաժնում, բաժանմունքում, լաբորատորիայում կամ կաբինետում աշխատելու համար,

տուբերկուլոզային կամ հակատուբերկուլոզային հիվանդանոցում, բաժնում, բաժանմունքում կամ կաբինետում աշխատելու համար,

հոգեբուժական, հոգենևրոլոգիական բաժնում, բաժանմունքում կամ կաբինետում աշխատելու համար,

հոգեկան հիվանդների բուժման և պահպանման համար նախատեսված բուժական հիմնարկում, բաժնում, բաժանմունքում, պալատում կամ կաբինետում աշխատելու համար.

թ) պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսի չափով` առողջության համար առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու համար, մասնավորապես՝

հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների կանխարգելման բաժանմունքում աշխատելու համար,

սանիտարականխարգելիչ (ինֆեկցիոն օջախներն ախտահանող) բաժանմունքում աշխատելու համար,

ՄԻԱՎ/ՁԻԱՎ բաժանմունքում, լաբորատորիայում աշխատելու համար,

ինֆեկցիոն հիվանդությունների բաժանմունքում աշխատելու համար,

մաշկավեներաբանական բաժնում, բաժանմունքում կամ կաբինետում աշխատելու համար,

նարկոլոգիական բաժանմունքում աշխատելու համար:

2. Պաշտոնային դրույքաչափի բարձրացման իրավունք ստացած քրեակատարողական ծառայողների ցուցակը հաստատվում է քրեակատարողական վարչության պետի հրամանով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: