Կառավարության որոշումներ

4 Նոյեմբերի 2021, 1816 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետը, 5-րդ և 6.2-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի, Իջևան քաղաքի հասցեում (սեփականության վկայականի համարը՝ N 2191698) գտնվող վարչական շենքի 1-ին հարկից 10 155 000 դրամ շուկայական արժեքով, 44.4 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) 3 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությանը (գրանցման համար՝ 211.171.05162) (այսուհետ՝ կազմակերպություն)՝ իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝
1) կազմակերպությունը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել պետական գույքի կառավարման կոմիտե՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտից հետո 15-օրյա ժամկետում.
2) կազմակերպության կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման.
3) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին: