4 Նոյեմբերի 2021, 1784 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ (ԿԱՄ) ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԵՎ ԿՐԹԱԹՈՇԱԿ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1330-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասին և 15-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետին համապատասխան, ինչպես նաև ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ հատկացնելու, ուսման վարձը փոխհատուցելու և կրթաթոշակ սահմանելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տրամադրելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 1-ի N 297-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1330-Ն որոշումը:
3․ Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի՝
1) 14-րդ և 15-րդ կետերով նախատեսված առաջադիմության պահանջը չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը պետության կողմից նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ)) ստացած ուսանողների վրա.
2) 22-րդից 25-րդ կետերով նախատեսված դրույթները Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների համար կիրառելի են 2022-2023 ուսումնական տարվանից սկսած։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում 2021 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: