28 Հոկտեմբերի 2021, 1755 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԿՈՇ» ԵՎ «ՀՐԱԶԴԱՆ» ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 7-րդ
հոդվածի 3-րդ և 43-րդ հոդվածի 1-ին մասերը՝ Հայաստանի Հանրապետության
կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. 2022 թվականի հունվարի 1-ից դադարեցնել Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական
հիմնարկների (այսուհետ՝ հիմնարկներ) գործունեությունը:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում ապահովել
հիմնարկների գործունեության դադարեցման աշխատանքներն իրականացնելու
նպատակով հանձնաժողովի ստեղծումը.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հանձնաժողովի
ստեղծումից հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ հիմնարկների համապատասխան փաստաթղթերի, անշարժ և շարժական գույքի հանձնմանընդունման, ինչպես նաև տնօրինման և հետագա պահպանության մասին.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կրճատել
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ»
քրեակատարողական հիմնարկի հաստիքային միավորները և ըստ անհրաժեշտության
դրանք վերաբաշխել Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարարության այլ քրեակատարողական հիմնարկների և Հայաստանի
Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի
ծառայության միջև, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի գործունեության
դադարեցման արդյունքում զբաղեցրած պաշտոնից ազատված ծառայողներին
(աշխատակիցներին) օրենքով սահմանված դեպքերում և կարգով գրանցել կադրերի
համապատասխան ռեզերվում.
4) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կրճատել
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան»
քրեակատարողական հիմնարկի հաստիքային միավորները և վերջինիս
գործունեության դադարեցման արդյունքում զբաղեցրած պաշտոնից ազատված
ծառայողներին (աշխատակիցներին) օրենքով սահմանված դեպքերում և կարգով
գրանցել կադրերի համապատասխան ռեզերվում.
5) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կրճատել
հիմնարկներում տեղակայված՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն»
պետական ոչ առևտրային կազմակերպության՝ բժշկական ստորաբաժանման
հաստիքները և դրանք հատկացնել «Քրեակատարողական բժշկության կենտրոն»
պետական ոչ առևտրային կազմակերպության` Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղակայված ստորաբաժանմանը.
6) մինչև 2022 թվականի հունվարի 1-ն ապահովել հիմնարկներում՝
ա. պատիժ կրող դատապարտյալների տեղաբաշխումն այլ քրեակատարողական հիմնարկներ՝ ըստ վերջիններիս մեկուսացվածության աստիճանի, և
բ. պահվող կալանավորված անձանց տեղափոխումն այլ քրեակատարողական
հիմնարկներ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող
օրվանից: