7 Հոկտեմբերի 2021, 1661 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 29-ի N 1246 - Ա որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածով, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 5-րդ և 7-րդ հոդվածների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 29-ի N 1246-Ա որոշմամբ (այսուհետ՝ որոշում) հավանություն ստացած՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում «Մայլեռ» լեռնային հանգստավայրի կառուցման ներդրումային ծրագիրն (այսուհետ՝ ծրագիր) իրականացնելու նպատակով՝ սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված տարածքների (կադաստրային ծածկագրերով անշարժ գույքի միավորների) նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ` հետևյալ հիմնավորումներով`
1) ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ՝
ա. ծրագրի իրականացման արդյունքում կներգրավվեն նոր ներդրումներ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբարձրանա մարզի նկատմամբ գրավչությունը, կբարելավվի զբոսաշրջությունը, ինչը բնականաբար կունենա սոցիալ-տնտեսական բարձր նշանակություն մարզի և ամբողջ հանրապետության համար,
բ. ծրագրի իրականացումը կունենա նաև բնապահպանական, առողջության, սպորտի, մշակույթի զարգացման նշանակություն.
2) ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված կադաստրային ծածկագրերով անշարժ գույքի միավորների oտարման:
2. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի վարչական սահմաններում գտնվող այն հողամասերի ցանկը և սխեման, որոնց նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների։
3. Սահմանել, որ`
1) սույն որոշման 2-րդ կետով հաստատված հավելվածներում նշված տարածքների ձեռք բերող է հանդիuանում «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ ընկերություն).
2) նախատեսված օտարման գործառույթների իրականացումը համակարգող է հանդիսանում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը․
3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2022 թվականի մայիսի 31-ն է.
4) սույն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված անշարժ գույքի միավորների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման գործառույթներն իրականացնում է ընկերությունը.
5) սույն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված անշարժ գույքի միավորների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և նկարագրության արձանագրության օրինակելի ձևով:
4. Սահմանել, որ սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված տարածքները կարող են օգտագործվել բացառապես որոշմամբ հավանություն ստացած ծրագրով նախատեսված գործողություններն իրականացնելու նպատակով:
5. Առաջարկել Ապարան համայնքի ղեկավարին՝
1) օժանդակել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հողամասերի նպատակային նշանակության փոփոխության, օտարման և ընկերության հետ պայմանագրի սահմանված կարգով կնքման գործընթացին՝ ներառյալ հետևյալ քայլերը.
ա. պայմանագրային պարտավորությունների խախտման համար նախատեսել պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: