Կառավարության որոշումներ

30 Սեպտեմբերի 2021, 1587 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածները, «Կառավարչական
իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի N 587-Ն որոշմամբ
հաստատված կարգի NN 1 և 2 հավելվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին
(այսուհետ՝ կոմիտե) ամրացված, պետական սեփականություն հանդիսացող՝
Երևան քաղաքի Էրեբունի համայնքի Տիտոգրադյան 133/2 հասցեում գտնվող
1192.9 քառ. մետր մակերեսով քոլեջի մասնաշենքը (այսուհետ՝ գույք), ինչպես նաև
դրա զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.211543
հեկտար մակերեսով հողամասը հետ վերցնել «Էրեբունի» պետական քոլեջ»
պետական ոչ առևտրային կազմակերպությունից (այսուհետ՝ կազմակերպություն)
և օտարել մրցույթով:
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի
27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ 2021 թվականի օգոստոսի 11-ի դրությամբ.
ա. անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքը՝ 84 019 000 դրամ,
բ. անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքում ներառված,
հատկացված հողամասի գնահատված շուկայական արժեքը՝ 89 819 000 դրամ,
գ. հատկացված հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը՝
34 220 464 դրամ.
2) գույքի ապամոնտաժման աշխատանքների հետ կապված ընդհանուր
ծախսերի շուկայական արժեքը 2021 թվականի օգոստոսի 3-ի դրությամբ՝ 7 000 000
դրամ.
3) գույքի օգտահանության արժեքը 2021 թվականի հուլիսի 29-ի դրությամբ՝
1 200 000 դրամ.
4) մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը՝ անշարժ գույքի
գնահատված շուկայական արժեքը՝ նվազեցված հատկացված հողամասի տվյալ
պահին գործող կադաստրային արժեքի չափով՝ 49 798 536 դրամ.
5) որ գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման
ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի կադաստրային արժեքը՝
34 220 464 դրամ:
3. Կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել
գույքի վերաբերյալ կազմակերպության հետ 2008 թվականի մայիսի 13-ին կնքված
անհատույց օգտագործման թիվ 11/008 պայմանագրում սույն որոշման 1-ին կետից
բխող փոփոխություն կատարելու մասին համաձայնագրի կնքումը՝ սահմանելով,
որ համաձայնագրի նոտարական վավերացման և դրանից ծագող գույքային
իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են
կազմակերպության միջոցների հաշվին.
2) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ կոմիտեի
պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների և մասնակիցներին
ներկայացվող պահանջների վերաբերյալ.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
4) մրցույթի հաղթողի կողմից (այսուհետ՝ գնորդ) գույքի վաճառքի գումարի,
ինչպես նաև հողամասի կադաստրային արժեքի և գույքի արժեքի որոշման համար
մատուցված ծառայությունների դիմաց նախատեսված 245 148 դրամ գումարի
(ներառյալ՝ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում
գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը
պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի նոտարական
վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով
սահմանված գումարներն ու տուրքերը.
5) առաջին մրցույթի ժամանակ գույքը չվաճառվելու դեպքում գույքի
վաճառքի նպատակով կազմակերպել ևս երեք մրցույթ` յուրաքանչյուր հերթական
մրցույթի ժամանակ գույքի վաճառքի գինը նվազեցնելով վերջին մրցույթի
վաճառքի գնի 15 տոկոսի չափով։
4. Սահմանել, որ՝
1) մրցույթում հաղթողին որոշելու համար հիմք են ընդունվում օտարվող
գույքի համար առաջարկվող գինը, գործարար ծրագրին համապատասխան
իրականացվելիք ներդրումների չափը (գումարային արտահայտությամբ) և
ժամկետները.
2) մրցույթում հաղթող է ճանաչվում գույքի գնի համար առավելագույն
առաջարկ ներկայացրած մասնակիցը, իսկ դրանց համընկնման դեպքում՝ առավելագույն ներդրումային առաջարկ ներկայացրած մասնակիցը՝ համաձայն ներկայացվող գործարար ծրագրի.
3) մրցույթի հաղթողը պարտավորվում է ամբողջովին ապամոնտաժել գույքը.
4) գույքի հետագա շահագործումը պետք է որևէ կերպ չխաթարի կազմակերպության գործունեությունը:
5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը
ներառվում է առաջարկվող գնի մեջ:
6. Սահմանել, որ մրցույթի հաղթողը գույքի արժեքը վճարում է մրցույթի
արդյունքների մասին արձանագրությունը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70
տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը`
համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ
հողամասի կադաստրային արժեքը վճարում է գանձապետական համապատասխան հաշվին:
 

Արխիվ

2024

2023