16 Սեպտեմբերի 2021, 1530 - Ն
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ, ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԻՑ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆ ՀԱՆԵԼՈՒ, ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԵՎ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ԵՎ ՈՐՊԵՍ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԵՐԻ) ԵՎ (ԿԱՄ) ԲԱՑ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ, ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԱՐԱԾՔԻ ՑԱՆԿԱՊԱՏՄԱՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԳԾԻ ԵՐԿԱՅՆՔՈՎ ՏԵՍԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 592-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասին և «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերին, ինչպես նաև 421-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել՝
1) իրավաբանական անձին ազատ պահեստի տիրապետողների ռեեստրում հաշվառելու, ազատ պահեստի տիրապետողների ռեեստրում փոփոխություններ կատարելու, ազատ պահեստի տիրապետողների ռեեստրից իրավաբանական անձին հանելու, ազատ պահեստի տիրապետողների ռեեստրում ընդգրկված իրավաբանական անձի գործունեության կասեցման և վերսկսման հիմքերը և կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) որպես ազատ պահեստ օգտագործվելու համար նախատեսված կամ օգտագործվող կառույցների, շինությունների (շինությունների մասերի) և (կամ) բաց հրապարակների տեղակայման, հարմարություններով ապահովման և սարքավորման պահանջները՝ ներառյալ ազատ պահեստի տարածքի ցանկապատման և սահմանագծի երկայնքով տեսահսկման համակարգի տեղադրման պահանջները՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի «Ժամանակավոր պահպանության պահեստներին, մաքսային պահեստներին և ազատ պահեստներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 592-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) վերնագրում, 1-ին կետում և հավելվածի վերնագրում «, մաքսային պահեստներին և ազատ պահեստներին» բառերը փոխարինել «և մաքսային պահեստներին» բառերով.
2) նախաբանից հանել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի N 1 հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 421-րդ հոդվածի 4-րդ մասին» բառերը.
3) հավելվածի 1.1-ին կետում «Ազատ պահեստների և բաց» բառերը փոխարինել «Բաց» բառով:
3. Ազատ պահեստի տիրապետողների ռեեստրի (այսուհետ՝ ռեեստր) ձևը և դրա վարման կարգը, ռեեստրում իրավաբանական անձին հաշվառելու, հաշվառումից հանելու, փոփոխություններ կատարելու, ռեեստրում հաշվառման մասին վկայականի ձևը և դրա լրացման կարգը սահմանում է մաքսային մարմինը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։