23 Մարտի 2006, 366 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 1045-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի
N 2072-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու, էներգետիկայի պետական տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1045-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`
որոշմամբ հաստատված՝
ա) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության էներգետիկայի պետական տեսչության կանոնադրության`
1-ին, 10-րդ կետերում և 12-րդ կետի «ժե» ենթակետում «էլեկտրաէներգետիկական համակարգում ու էլեկտրասպառման», «էլեկտրաէներգետիկական համակարգում և էլեկտրասպառման» բառերը փոխարինել «էներգետիկայի բնագավառում և էներգասպառման» բառերով, իսկ 12-րդ կետի «ժդ» ենթակետում «էլեկտրաէներգետիկական համակարգում» բառերը` «էներգետիկայի բնագավառում» բառերով,
7-րդ և 8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Տեսչության նպատակները և խնդիրներն են`
ա) մարդկանց կյանքի, գույքի և շրջակա միջավայրի՝ տեխնիկական կանոնակարգերով և օրենսդրական այլ ակտերով սահմանված անվտանգության նորմերի պահպանման ապահովումը,
բ) էներգետիկայի բնագավառի մեջ մտնող համակարգերի հուսալիության և անվտանգության ապահովումը:
8. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների էներգատեղակայանքներում տեխնիկական ստուգումների կատարում, բայց ոչ հաճախ, քան տարեկան մեկ անգամ՝
էլեկտրաէներգետիկական համակարգում՝ 110 կՎ և բարձր լարման, գազամատակարարման համակարգում՝ գազի միջին և բարձր ճնշման էներգատեղակայանքներում, համակարգերի հուսալիության և անվտանգության չափանիշների պահպանման նպատակով,
մինչև 110 կՎ լարման էլեկտրաէներգետիկական, 5.8 ՄՎտ դրվածքային հզորությունից բարձր ջերմամատակարարման, գազի ցածր ճնշման գազամատակարարման համակարգերում, ինչպես նաև էներգետիկական ցանցերի շահագործման և սպասարկման գործունեություն իրականացնող անձանց մոտ՝ մարդկանց կյանքի, գույքի և շրջակա միջավայրի` տեխնիկական կանոնակարգերով և օրենսդրական այլ ակտերով սահմանված անվտանգության նորմերի պահպանման նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ.
բ) էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների էներգատեղակայանքների տեխնիկական ստուգումների արդյունքներով, տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտումներ հայտնաբերելիս, ակտ-կարգադրագրերի կազմում, դրանցում նշված պահանջների կատարման վերահսկում և օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման մասին որոշման ընդունում.
գ) տեխնիկական ստուգումների հիման վրա, նոր կառուցվող և վերակառուցող 6 կՎ և բարձր լարման էլեկտրաէներգետիկական, 5.8 ՄՎտ դրվածքային հզորությունից բարձր ջերմամատակարարման, ինչպես նաև միջին ու բարձր ճնշման գազամատակարարման համակարգերի էներգատեղակայանքների գործարկման մասին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եզրակացություններ տալը՝ թույլատրելով դրանց գործարկումը.
դ) էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով դրանց մասնագիտական քննության իրականացում` տեխնիկական կանոնակարգերի նորմերի խախտումները բացահայտելու և համապատասխան եզրակացություն կազմելու նպատակով.
ե) էներգատեղակայանքներում տեխնիկական կանոնակարգերի նորմերի խախտումների վերլուծության կատարում և դրանց վերաբերյալ վիճակագրության վարում.
զ) նոր տեխնիկական կանոնակարգեր ընդունելու կամ գործող տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կանոնադրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացում:».
բ) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության էներգետիկայի պետական տեսչության կառուցվածքում «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժինը «էլեկտրաէներգետիկական վերահսկողության բաժին» բառերից հետո լրացնել «Գազամատակարարման և ջերմամատակարարման վերահսկողության բաժին» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին՝ մեկամսյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության էներգետիկայի պետական տեսչության թվակազմի փոփոխության մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: