Կառավարության որոշումներ

29 Հուլիսի 2021, 1246 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՀԱՆԳՍՏԱՎԱՅՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ «ՄԱՅԼԵՌ» ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանության տալ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) կողմից ներկայացված՝ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում 2080 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում իրականացվելիք ներդրումային ծրագրին (այսուհետ՝ ծրագիր)՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարին, Արագածոտնի մարզպետին, Քաղաքաշինության կոմիտեի նախագահին և Կադաստրի կոմիտեի ղեկավարին՝
հիմք ընդունելով ծրագրի փուլայնությունը` համատեղ՝
1) ապահովել ծրագրով նախատեսված հողատարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու գործընթացը.
2) օժանդակել ծրագրով նախատեսված հողատարածքների նպատակային
նշանակության փոփոխման օրենսդրությամբ սահմանված գործընթացին՝ համագործակցելով տվյալ համայնքի ավագանու հետ՝ հաշվի առնելով, որ նպատակային
նշանակության փոփոխությունն իրականացվելու է ավագանու որոշման հիման վրա։
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ծրագրի իրականացման փուլերի ժամանակացույցի մասին պայմանագիր՝ ներառելով մասնավոր հատվածի կողմից իրականացվելիք միջոցառումները և դրանք չկատարելու դեպքում համապատասխան հետևանքները։
4. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ներկայացնել ծրագրում նշված՝ հետաքրքրություն ներկայացնող հատվածներում անտառային հողերի օգտագործման, մասնավորապես՝ անտառահատման իրականացման
(փոխարենը մի քանի անգամ ավելի ծավալով անտառատնկման և անտառվերականգնման իրականացում) կառուցակարգ և ընկերության հետ կնքել համապատասխան պայմանագիր։
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում մշակել և
Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ծրագրով նախատեսված, խաղատան լիցենզիաների տրամադրման գործընթացն
ապահովելու նպատակով, համապատասխան օրենսդրական փաթեթ։
6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ծրագրով նախատեսված՝ պետության կողմից  անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման ծրագիր՝ ներառելով անհրաժեշտ ֆինանսական գնահատականները և ֆինանսավորման աղբյուրները։
7. Ընկերությանը՝ առաջարկել ծրագրով նախատեսված ներդրումային ծրագիրն իրականացնելու ընթացքում հողատարածքում պատմամշակութային հուշարձանների հայտնաբերման դեպքում այդ մասին օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարին։  

հավելված