15 Հուլիսի 2021, 1160 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի «Պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկը, տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կարգը, պետական գրանցման և պետական հաշվառման համար պարտադիր ներկայացվող փաստաթղթերի ցանկերը, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի, պետական հաշվառման ազգային ու միջազգային վկայագրերի և «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրի ձևերը, «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը, հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1853-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1041-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1251-Ն որոշման N 12 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21. Կորած զույգ համարանիշերի, իսկ եթե սույն կարգի 12-րդ կետի համաձայն հատկացվել է մեկ համարանիշ, ապա նաև դրա փոխարեն կարող են հատկացվել կամ կրկնօրինակը՝ հերթական վերաթողարկմանը համապատասխանող արաբական թվանշանով գրառմամբ (օրինակ` առաջին անգամ վերաթողարկվելու դեպքում` գրառվում է 1), կամ թվերի ու տառերի այլ հավաքածու պարունակող համարանիշեր:».
2) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. Զույգ համարանիշերից մեկի կորստյան դեպքում դրա կրկնօրինակը տրվում է միայն մեկ անգամ` առանց հերթական վերաթողարկմանը համապատասխանող արաբական թվանշանի, իսկ զույգ համարանիշերից մեկի երկրորդ և ավելի անգամ կորստյան դեպքում դրանց կրկնօրինակները հատկացվում են սույն կարգի 21-րդ կետով սահմանված կարգով: Այդ դեպքերում մինչև կրկնօրինակի հատկացումը հատկացվում է «Ժամանակավոր» տեսակի համարանիշ` 7 օր ժամկետով:».
3) 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«23. Տրանսպորտային միջոցների համարանիշեր հատկացնելու (այդ թվում` համարանիշերը փոխարինելու, կորած համարանիշերի փոխարեն նորը կամ կրկնօրինակը տալու, ինչպես նաև շահագործման ընթացքում մաշված, անընթեռնելի դարձած համարանիշերի փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշեր տալու) համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով, իսկ ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր առաջին անգամ հատկացնելու դեպքում` նաև տվյալ համարանիշի համար սահմանված չափով վճար:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 29.1-ին կետով.
«29.1. Կորած համարանիշերի հայտնաբերման դեպքում դրանք սահմանված կարգով ենթակա են ոչնչացման՝ բացառությամբ մեծ պահանջարկ ունեցող կորած զույգ համարանիշերի փոխարեն դրանց կրկնօրինակը հատկացված չլինելու դեպքերի:»,
5) 30-րդ կետում «հաշվառումից չի հանվել» բառերից հետո լրացնել «, իսկ հաշվառումից հանված լինելու դեպքում՝ կարող են հատկացվել մինչև տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելը տվյալ համարանիշերն օգտագործելու իրավունք ստացած անձին կամ նրա համաձայնությամբ՝ վերջինիս մերձավոր ազգականին պատկանող այլ տրանսպորտային միջոցին» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:
3. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։