9 Մարտի 2006, 351 - Ն
ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՆՇՈՒՄՈՎ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել պահպանության ժամկետների նշումով արխիվային փաստաթղթերի օրինակելի ցանկը` համաձայն հավելվածի։
2. Սահմանել, որ՝
ա) պետական կամ համայնքային արխիվների համալրման աղբյուր հանդիսացող պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական և համայնքային հիմնարկներն ու կազմակերպությունները սույն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված մշտական պահպանության փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետները լրանալուց հետո հանձնում են համապատասխան արխիվ, եթե այդ ցանկով այլ բան նախատեսված չէ, իսկ համալրման աղբյուր չհանդիսացող պետական և համայնքային հիմնարկներում ու կազմակերպություններում` դրանց պահպանման ժամկետների մասին որոշումն ընդունում է հիմնարկի կամ կազմակերպության փորձագիտական հանձնաժողովը.
բ) սույն որոշման գործողությունը չի տարածվում այլ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գործունեության արդյունքում առաջացած փաստաթղթերի վրա, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.
գ) «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իր մոտ մշտական պահպանության համար կարող է դիմել իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին` նրանց մոտ հետագա պահպանության անհրաժեշտությունը կորցրած պատմամշակութային ու փաստավավերագրական արժեք ներկայացնող փաստաթղթերն ստանալու խնդրանքով.
դ) սույն որոշմամբ հաստատված արխիվային փաստաթղթերի պահպանության նվազագույն ժամկետներից ավելի պահպանության ժամկետների, այդ թվում` նաև մշտական պահպանության մասին որոշումն ընդունում է կազմակերպության փորձագիտական հանձնաժողովը.
ե) արխիվային փաստաթղթի պահպանության ժամկետն սկսվում է դրա ստեղծմանը հաջորդող տարվա հունվարի 1-ից.
զ) էլեկտրոնային փաստաթղթերի համար սահմանվում են պահպանության նույն ժամկետները.
է) պահպանության ժամկետը լրացած և պահպանության ոչ ենթակա փաստաթղթերի (գործերի) առանձնացման մասին ակտում ընդգրկված թղթե կրիչով փաստաթղթերը (գործերը) ոչնչացվում են այրման կամ վերամշակման միջոցով, որի մասին կազմվում է համապատասխան ակտ։ Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական և համայնքային հիմնարկներն ու կազմակերպությունները փաստաթղթերի (գործերի) փոքր ծավալի դեպքում (մինչև 100 կգ) դրանք ոչնչացնում են այրման միջոցով, իսկ մեծ ծավալի դեպքում` հանձնում վերամշակման։ Պետական մարմինները և հիմնարկները վերամշակման հանձնումից ստացած միջոցները փոխանցում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ տեղական ինքնակառավարման մարմինները և պետական կազմակերպությունները դրանք մուտքագրում են իրենց բյուջեներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրության սահմանված կարգով։ Այլ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերն իրենք են որոշում ոչնչացման միջոցը.
ը) Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, սույն որոշմամբ հաստատված ցանկի հիման վրա մշակում և արխիվային գործի բնագավառում լիազոր մարմնի հետ համաձայնեցնելով, հաստատում են իրենց գործունեության ընթացքում առաջացող փաստաթղթերի պահպանության ժամկետների նշումով ցանկեր, ընդ որում, դրանցում սահմանված ժամկետները չպետք է ցածր լինեն սույն որոշմամբ հաստատված ցանկի ժամկետներից։
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Փաստաթղթերի` ըստ տեսակների պահպանության ժամկետների նշումով ցանկը հաստատելու մասին» N 833 որոշումը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։