24 Հունիսի 2021, 1051 - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 1358-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներեքերորդ միջոցառումը հաստատելու մասին» N 1358-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածում՝
ա. 2-րդ կետի 1-ին ենթակետից հանել «56-Հանրային սննդի կազմակերպում» և «87․1-Առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ» պարբերությունները,
բ. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.
«3) չի հանդիսացել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 25-րդ միջոցառման շահառու.»,
գ. 3-րդ կետում «մարտ» բառը փոխարինել «հունիս» բառով,
դ. 4-րդ կետից հանել «Ընդ որում, սույն հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված գործունեության տեսակներից տվյալ շահառուի իրացման շրջանառությունը հաշվարկելիս հանրային սննդի կազմակերպման գործունեության մասով հաշվի չի առնվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը դուրս գրված հաշվարկային փաստաթղթերով արտացոլված իրացման շրջանառությունը:» նախադասությունը,
ե. 5.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել,
զ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. 2020 թվականի 1-ին եռամսյակի իրացման շրջանառությունը որոշվում է հարկային մարմին տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի կամ շրջանառության հարկի հաշվարկների տվյալներով։
Սույն կարգի իմաստով 2020 թվականի 1-ին եռամսյակում ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ և (կամ) շրջանառության հարկի հարկային հաշվարկներ են համարվում մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի հարկային հաշվարկները:».
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածում՝
ա. 2-րդ կետի երրորդ պարբերությունը «մարտ» բառից հետո լրացնել «, ապրիլ, մայիս, հունիս» բառերով,
բ. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կետով սահմանված դիմումները (այդ թվում` ճշտված) ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվում 2021 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:»:
2․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված պայմանի կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 22-ի N 1549-Լ որոշմամբ հաստատված՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսանհինգերորդ միջոցառման շահառու հանդիսացած տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ տեղեկատվությունը (անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում տրամադրում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է միայն 2021 թվականի ապրիլ, մայիս և հունիս աջակցության ամիսների մասով ծագող հարաբերությունների նկատմամբ` բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերության։
4. 2021 թվականի ապրիլ աջակցության ամսվա տվյալներով միջոցառման շահառու հանդիսացող տնտեսավարող սուբյեկտների անձնական էջին ծանուցումը հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից ուղարկվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում: