Կառավարության որոշումներ

18 Հունիսի 2021, 1021 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՀՈՂԱՄԱՍ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնքի ավագանու 2021 թվականի հունիսի 17-ի N-20 և N-21 որոշումները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրաբերություն ընդունել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնքի սեփականություն հանդիսացող՝ 377.4495 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերը՝ համաձայն սույն որոշման հավելվածով հաստատված ցանկի, և որպես պետական սեփականություն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:
2. Սահմանել, որ հողամասերը ենթակա են օգտագործման բացառապես Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային ծրագրի շրջանակներում՝ արևային ֆոտովոլտային կայանների կառուցման նպատակով՝ դրանք իրենց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով։
3. Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի` օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնքի ղեկավարի հետ նվիրաբերության պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը՝ Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետով սահմանված հողամասերով համալրումը «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալում՝ սույն որոշման երրորդ կետով սահմանված նվիրաբերության պայմանագրի կնքումից հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում:

հավելված