Կառավարության որոշումներ

17 Հունիսի 2021, 998 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 456-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելիս հաշվարկվող պատվովճարի չափը, տալու կարգը և պատվովճարի տնօրինման ուղղությունները սահմանելու մասին» N 456-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի՝
ա. «բ» պարբերությունը «վճարի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև անհատական բնակելի տուն կամ բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան ձեռք բերելու դիմաց վճարումների» կետադրական նշանով և բառերով,
բ. «գ» պարբերությունը «ֆինանսավորում» բառից առաջ լրացնել «, ինչպես նաև այդ նպատակով ստացած վարկերի գծով ամսական վճարի» կետադրական նշանով և բառերով.
2) որոշման հավելվածում՝
ա. 3-րդ գլխի վերնագիրը «վճարի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև անհատական բնակելի տուն կամ բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան ձեռք բերելու դիմաց վճարումների» կետադրական նշանով և բառերով,
բ. 15-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին և 15.2-րդ կետերով՝
«15.1. Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում անհատական բնակելի տուն կամ բազմաբնակարան բնակելի շենքում բնակարան (այսուհետ՝ անշարժ գույք) ձեռք բերելու դիմաց վճարումների ֆինանսավորման նպատակով` պատվովճար ստացող քաղաքացին պատվովճարն սպասարկող բանկ է ներկայացնում դիմում և`
1) իր և անշարժ գույքը վաճառողի անձը հաստատող փաստաթուղթ` անձնագիրը կամ, առկայության դեպքում, նույնականացման քարտը.
2) իր և անշարժ գույքը վաճառողի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում).
3) անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագրի` նոտարական կարգով վավերացված պատճենը, և վաճառողին պատկանող անշարժ գույքի սեփականության իրավունքի վկայականի պատճենը.
4) անշարժ գույքը վաճառողի հաշվի համարը, որին փոխանցվելու է պատվովճարի գումարը:
15.2. Քաղաքացու պատվովճարն սպասարկող բանկը սույն կարգի 15.1-ին կետում նախատեսված դիմումը և կից փաստաթղթերը ստանալու օրվանից ոչ ուշ, քան 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում, սահմանված կարգով վաճառողի անունով բացում է հատուկ հաշիվ, որին փոխանցում է պատվովճարի գումարը, սակայն ոչ ավելի, քան ձեռք բերվող անշարժ գույքի առքուվաճառքի պայմանագրում նախատեսված գումարը:»,
գ. 4-րդ գլխի վերնագիրը «ֆինանսավորման» բառից առաջ լրացնել «, ինչպես նաև այդ նպատակով ստացած վարկերի գծով ամսական վճարի» կետադրական նշանով և բառերով,
դ. 16-րդ և 17-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«16. Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում գյուղատնտեսական (ֆերմերային) գործունեության ֆինանսավորման նպատակով` պատվովճար ստացող քաղաքացին պատվովճարն սպասարկող բանկ է ներկայացնում դիմում և՝
1) իր և վաճառողի անձը հաստատող փաստաթուղթ` անձնագիրը կամ, առկայության դեպքում, նույնականացման քարտը.
2) իր և վաճառողի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում).
3) գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ տարածքների (շենք և (կամ) շինություն և (կամ) հողամաս) նկատմամբ իր սեփականության իրավունքի (առկայության դեպքում) վկայականի և (կամ) դրանց վարձակալության պայմանագրի` նոտարական կարգով վավերացված պատճենները.
4) համայնքապետարանից տեղեկանք՝ մշակված կամ մշակվող հողերի, իսկ անասնապահության դեպքում՝ անասնագլխաքանակի վերաբերյալ.
5) գյուղատնտեսական տեխնիկայի և (կամ) խոշոր և (կամ) մանր եղջերավոր անասունների ձեռքբերման դեպքում՝ դրանց առքուվաճառքի պայմանագրի` նոտարական կարգով վավերացված պատճենը, վաճառողի հաշվի համարը, իսկ եթե վաճառողն իրավաբանական անձ է՝ նաև հաշիվ-ապրանքագիրը, որի հիման վրա պատվովճարն սպասարկող բանկը ոչ ուշ, քան 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում, վաճառողի հաշվի համարին է փոխանցում պատվովճարի գումարը, սակայն ոչ ավելի, քան ձեռք բերվող ապրանքի առքուվաճառքի պայմանագրում նախատեսված գումարը.
6) գյուղատնտեսական նշանակության այլ գործունեության (ոռոգման համակարգերի և (կամ) կարկտապաշտպան ցանցերի տեղադրում և (կամ) այգիների հիմնում և (կամ) գյուղմթերքի արտադրություն) նպատակով ձեռք բերվող ապրանքների (ծառայությունների) առքուվաճառքի պայմանագրի (օրենքով նոտարական հաստատում պահանջող պայմանագրերի դեպքում՝ նոտարական կարգով վավերացված) պատճենը, վաճառողի հաշվի համարը, իսկ եթե վաճառողն իրավաբանական անձ է՝ նաև հաշիվ-ապրանքագիրը, որի հիման վրա պատվովճարն սպասարկող բանկը ոչ ուշ, քան 1 (մեկ) աշխատանքային օրվա ընթացքում, վաճառողի հաշվի համարին է փոխանցում պատվովճարի գումարը, սակայն ոչ ավելի, քան ձեռք բերվող ապրանքի առքուվաճառքի պայմանագրում նախատեսված գումարը:
17. Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում գյուղատնտեսական (ֆերմերային) գործունեության նպատակով ստացած գյուղատնտեսական վարկի գծով ամսական վճարի կամ գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի վճարի (լիզինգի առարկայի արժեքի և (կամ) լիզինգի պայմանագրով սահմանված տոկոսի գումարի) մարման նպատակով պատվովճարն սպասարկող բանկի կողմից պատվովճարի գումարը քաղաքացու դիմումի հիման վրա անկանխիկ փոխանցվում է գյուղատնտեսական վարկ տրամադրած բանկի կամ վարկային կազմակերպության կամ լիզինգ տրամադրած բանկի կամ օրենքով սահմանված կարգով թույլտվություն (լիցենզիա) ստացած մասնագիտացված կազմակերպության հաշվին: Պատվովճար ստացող քաղաքացին դիմումի հետ պատվովճարն սպասարկող բանկ է ներկայացնում՝
1) անձը հաստատող փաստաթուղթ` անձնագիրը կամ, առկայության դեպքում, նույնականացման քարտը.
2) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում).
3) գյուղատնտեսական վարկ տրամադրած բանկի կամ վարկային կազմակերպության կամ լիզինգ տրամադրած բանկի կամ օրենքով սահմանված կարգով թույլտվություն (լիցենզիա) ստացած մասնագիտացված կազմակերպության կողմից տրված տեղեկանք (եթե գյուղատնտեսական վարկը կամ լիզինգը տրված չէ պատվովճարն սպասարկող բանկի կողմից), որտեղ նշված են պատվովճար ստացող քաղաքացու ստացած գյուղատնտեսական վարկի կամ լիզինգի պայմանագրային գումարը, տրման ամսաթիվը, գործողության ժամկետը, մնացորդը, ամսական մարումների ժամանակացույցը.
4) գյուղատնտեսական վարկ տրամադրած բանկի կամ վարկային կազմակերպության կամ լիզինգ տրամադրած բանկի կամ օրենքով սահմանված կարգով թույլտվություն (լիցենզիա) ստացած մասնագիտացված կազմակերպության հաշվեհամարը, որին փոխանցվելու է պատվովճարի գումարը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: