Կառավարության որոշումներ

16 Փետրվարի 2006, 303 - Ն

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻ ԳՈՐԾԻ ՁԵՎԸ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 85-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Սահմանել`

ա) փրկարարական ծառայության կենսաթոշակառուի գործի ձևը և վարման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) փրկարարական ծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների նշանակման ու սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ 2006 թվականի հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության կողմից «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության զինծառայողներին նշանակված կենսաթոշակները վճարում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենին՝ սույն որոշման 2-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով երկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության արտակարգ իրավիճակների վարչության զինվորական կենսաթոշակառուների գործերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի հետ համատեղ սույն որոշման 3-րդ կետի համաձայն ապահովել զինծառայողներին նշանակված կենսաթոշակների վճարման համար անհրաժեշտ գումարների վերահատկացումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: