9 Մարտի 2006, 300 - Ն
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2006 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման 31-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել`
ա) որ «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 01 խմբի 05 ենթախմբի «02. Փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվեր» ծրագրով Հայաստանի Հանրապետության դատախազությանը հատկացված միջոցների հաշվին դատական փորձաքննությունների կատարման ծառայությունները ձեռք են բերվում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ստացված քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների` համապատասխան փորձաքննություն նշանակելու մասին որոշումների հիման վրա.
բ) փորձագիտական աշխատանքի մեկ ժամվա նախահաշվային արժեքը` 2006 թվականի համար` 370 դրամ.
գ) փորձաքննությունների կատարման ծառայությունների միավորի նախահաշվային արժեքը և ձեռքբերման ենթակա քանակը` ըստ փորձաքննությունների տեսակների` համաձայն հավելվածի.
դ) որ 2006 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության դատախազությունը տվյալ ծրագրին հատկացումների ընդհանուր գումարի սահմաններում իրավասու է փոփոխելու սույն որոշման հավելվածով սահմանված փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման ենթակա քանակն ըստ փորձաքննությունների առանձին տեսակների, եթե ըստ այդ տեսակների քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների կողմից նշանակված փորձաքննությունների փաստացի քանակը չի համապատասխանում սույն որոշման հավելվածով նախատեսվածին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2006 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: