Կառավարության որոշումներ

27 Մայիսի 2021, 849 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1292-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Օրենքով սահմանված գործունեության տեսակով զբաղվելու թույլտվություն կամ լիցենզիա տրամադրող լիազորված մարմնի կողմից տրված թույլտվությունների և (կամ) լիցենզիաների վերաբերյալ տեղեկությունները ներկայացնելու կարգը սահմանելու մասին» N 1292-Ն որոշման հավելվածում՝
1) 2-րդ կետի 3-րդ ենթակետից և կարգի N 3 ձևի վերնագրից հանել «քաղաքաշինության բնագավառում» բառերը.
2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ու Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին՝ սույն կարգի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված տեղեկությունները սույն կարգի 2-րդ կետով սահմանված ժամկետում ներկայացնել հարկային մարմին։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին առաջարկել ներկայացնել նաև բանկերի մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, ապահովագրական ընկերությունների և վարկային կազմակերպությունների մասնաճյուղերի, ներկայացուցչությունների, գրանցման (հաշվառման) վկայականների, գործունեության ժամանակավոր դադարեցման և գրանցումից (հաշվառումից) հանելու մասին տեղեկություններ՝ համաձայն սույն կարգի NN 4 և 5 ձևերի։».
3) լրացնել NN 4 և 5 ձևերով՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, սույն կարգի 3-րդ կետով սահմանված NN 4 և 5 ձևերին համապատասխան, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացնել ամփոփ տեղեկություններ՝ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ բանկերի մասնաճյուղերին, ներկայացուցչություններին, ապահովագրական ընկերություններին և վարկային կազմակերպությունների մասնաճյուղերին, ներկայացուցչություններին տրված գրանցման (հաշվառման) վկայականների վերաբերյալ, ինչպես նաև 2020 թվականի հունվարի 1-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրը գործունեության ժամանակավոր դադարեցման և գրանցումից (հաշվառումից) հանելու մասին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

հավելված1

հավելված2