Կառավարության որոշումներ

20 Մայիսի 2021, 828 - Ա

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դովեղ գյուղի 5-րդ փողոցի 23 և 1-ին փողոցի 41 հասցեներում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 0.27951 և 0.40246 հեկտար մակերեսներով հողամասերի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ՝ N 11082020-11-0016 և N 21082020-11-0019) (այսուհետ՝ գույք 1) նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե):
2. Կոմիտեին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դովեղ գյուղի 1-ին փողոցի 39 հասցեում գտնվող 0.23 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 03032021-11-0034) (այսուհետ՝ գույք 2) նվիրել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքին։
3. Կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Նոյեմբերյան համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերից բխող համապատասխան պայմանագրերի կնքման և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ սահմանելով, որ պայմանագրի կնքման և իրավունքների նկատմամբ պետական գրանցման աշխատանքները ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի միջոցների հաշվին: