Կառավարության որոշումներ

13 Մայիսի 2021, 779 - Ն

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՁԵՎԱՆՄՈՒՇԻ, ԱՅՆ ԿԱԶՄՈՂ ԱՆՁԻ, ՎԵՐՋԻՆԻՍ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴԻՐՔԻ, ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆՐԱ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԿՆԻՔԻ, ԴՐՈՇՄԱԿՆԻՔԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՅԴ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել Արդարադատության նախարարությանը պաշտոնական փաստաթղթի ձևանմուշի, այն կազմող անձի, վերջինիս պաշտոնեական դիրքի, պաշտոնավարման ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկությունների, նրա ստորագրության և պաշտոնական փաստաթուղթը հաստատող կնիքի, դրոշմակնիքի նմուշների տրամադրման կարգը, այդ տեղեկությունների պահպանման պայմանները և ժամկետները՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում ապոստիլով վավերացման ենթակա պաշտոնական փաստաթուղթ կազմող մարմինները և պաշտոնատար անձինք՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության նախարարությունները, Կենտրոնական բանկը, Հայաստանի Հանրապետության մարզպետարանները և տարածքային կառավարման մարմինները, համայնքապետարանները, Կադաստրի կոմիտեն, Պետական եկամուտների կոմիտեն, Քրեակատարողական ծառայությունը, Հարկադիր կատարման ծառայությունը, Հայաստանի Հանրապետության դատարանները, դատախազության մարմինները, Ոստիկանությունը, Լիցենզավորման գործակալությունը, Մտավոր սեփականության գործակալությունը, Ազգային արխիվը, ՔԿԱԳ գործակալությունը և տարածքային մարմինները, նոտարները Արդարադատության նախարարությանն են տրամադրում իրենց կողմից կազմվող և տրամադրվող պաշտոնական փաստաթղթերի անվանացանկը, պաշտոնական փաստաթղթի ձևաթուղթ սահմանված լինելու դեպքում՝ այդ ձևաթղթի նմուշը, պաշտոնական փաստաթուղթ կազմող և տրամադրող մարմնի ամբողջական անվանման, այն կազմող, ստորագրող անձի տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն), պաշտոնեական դիրքի, պաշտոնավարման ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկությունները, նրա ստորագրության և պաշտոնական փաստաթուղթը հաստատող կնիքի կամ դրոշմակնիքի նմուշները:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության մարզպետարանները, Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը Արդարադատության նախարարությանն են տրամադրում սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին Հայաստանի Հանրապետությունում գործող ուսումնական հաստատությունների (բուհ, դպրոց, ուսումնարան և այլն), ըստ ենթակայության, կողմից տրամադրվող ավարտական փաստաթղթերի ձևանմուշները, այն կազմող, ստորագրող անձի տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն), պաշտոնեական դիրքի, պաշտոնավարման ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկությունները, նրա ստորագրության և փաստաթուղթը հաստատող կնիքի կամ դրոշմակնիքի նմուշները: Սույն կետում նշված մարմինների կողմից Հայաստանի Հանրապետությունում նախկինում գործող ուսումնական հաստատությունների կողմից տրամադրված փաստաթղթերի, պաշտոնատար անձանց վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները տրամադրվելու են Արդարադատության նախարարության համապատասխան հարցումների ներկայացման դեպքում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

հավելված