Կառավարության որոշումներ

22 Ապրիլի 2021, 644 - Ն

«ԴԱՇՏԱԴԵՄ ԱՄՐՈՑ», «ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԴՎԻՆ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ԴԱՇՏԱԴԵՄ ԱՄՐՈՑ», «ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԴՎԻՆ» ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑՆԵՐ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 312-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի «ե» կետի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի և 17-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 202 որոշման մեջ փոփոխություն կատարելու և պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 312-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.».
2) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 27-րդ և 28-րդ կետերով.
«27. «Դաշտադեմ ամրոց» պատմամշակութային արգելոց
28. «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոց»:
2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնքում (0.16716 հա) գտնվող «Դաշտադեմ ամրոց» պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Հնաբերդ համայնքում (12.72126 հա) գտնվող «Մայրաքաղաք Դվին» պետական սեփականություն հանդիսացող պատմամշակութային արգելոցները:
3. Սահմանել`
1) «Դաշտադեմ ամրոց» պատմամշակութային արգելոցի տարածքը՝ 0.16716 հեկտար․
2) «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցի տարածքը՝ 12.72126 հեկտար:
4. Սահմանել, որ «Դաշտադեմ ամրոց» և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցների պահպանման և շահագործման ծախսերն իրականացվելու են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
5. Ստեղծել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Դաշտադեմ Ամրոց» և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցներ» մասնաճյուղերը:
6. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Դաշտադեմ Ամրոց» և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցների զբաղեցրած հողամասերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության անվամբ սեփականության իրավունքների պետական գրանցումը` այն իրականացնելով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, սահմանված կարգով կնքել համապատասխան 0.16716 հեկտար և 12.72126 հեկտար հողերի անհատույց, անժամկետ օգտագործման պայմանագիր` դրանում սահմանելով, որ սույն կետից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և պայմանագրի կնքման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից «Դաշտադեմ Ամրոց» և «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցներ» մասնաճյուղերի կանոնադրությունների հաստատումը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: