Կառավարության որոշումներ

15 Ապրիլի 2021, 549 - Ա

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐՍԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԱԳԻԾՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքի 2587,7 գծամետր ընդհանուր երկարությամբ (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական N 07122020-05-0061) և 5174000 դրամ հաշվեկշռային արժեքով խմելու ջրագիծը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրատվության պայմանագրի կնքումը և հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքի միջոցների հաշվին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո` երկամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան համաձայնագիր՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով:
4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:

հավելված