18 Մարտի 2021, 358 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի N 201-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի «Առողջապահական, հոգաբարձության (խնամակալության), մանկական դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները սահմանելու մասին» N 201-Ն որոշման՝
1) նախաբանը «7-րդ մասի» բառերից հետո լրացնել «և «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի» բառերով.
2) N 5 հավելվածի`
ա. 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14.1-ին կետով՝
«14.1. Նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների աշխատաժամանակի ռեժիմը կարգավորվում է ուսումնական հաստատության ներքին կարգապահական կանոններով` հաշվի առնելով`
1) ուսումնական գործընթացի այլ մասնակիցների հետ մանկավարժական աշխատողի կողմից իրականացվող անհատական և խմբային խորհրդատվական աշխատանքի կատարման ժամանակահատվածը, որը չի կարող գերազանցել սույն հավելվածի 18-րդ կետով սահմանված շաբաթական աշխատաժամանակի տևողության կեսը.
2) անհատական և խմբային խորհրդատվական աշխատանքներին մանկավարժական աշխատողի նախապատրաստման, արդյունքների մշակման, վերլուծության և ընդհանրացման, փաստաթղթերի լրացման, ինչպես նաև իր որակավորման բարձրացման ժամանակը:»,
բ. 15-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,
գ. 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 18-րդ և 19-րդ կետերով՝
«18. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում մանկավարժական աշխատանքի կատարման համար աշխատաժամանակի տևողությունը սահմանվում է`
1) շաբաթական 22 ժամ` հատուկ մանկավարժի (լոգոպեդի, սուրդոմանկավարժի) համար.
2) շաբաթական 22 ժամ` սոցիալական մանկավարժի համար.
3) շաբաթական 22 ժամ` հոգեբանի համար.
4) շաբաթական 24 ժամ՝ երաժշտության դաստիարակի (երաժշտական ղեկավարի) համար.
5) շաբաթական 24 ժամ՝ պարուսույցի (պարի ղեկավարի) համար.
6) շաբաթական 30 ժամ` ֆիզկուլտուրայի հրահանգչի համար.
7) շաբաթական 30 ժամ` երկարօրյա խմբերի դաստիարակի համար.
8) շաբաթական 36 ժամ` դաստիարակի համար:
19. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում լրացուցիչ կրթական ծառայությունների մանկավարժի (ուսուցչի, խմբավարի) մանկավարժական աշխատանքի կատարման համար աշխատաժամանակի տևողությունը սահմանվում է աշխատանքային պայմանագրով՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների համաձայն:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: