4 Մարտի 2021, 310 - Լ
2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՍԿՍՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՉԱՓԱՀԱՍ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՌԱՄՍՅԱ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալող կացության կազմակերպման ծառայություններ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ծախսերի փոխհատուցման եռամսյա սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների։
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետով նախատեսված սոցիալական աջակցության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրել 2021 թվականի փետրվար ամսվա դրությամբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալող կացության կազմակերպման ծառայություններ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ցանկը (անվանումը, ՀՎՀՀ)։
4. Սահմանել, որ սույն միջոցառման շրջանակներում նշանակվող սոցիալական աջակցության գումարները կարող են վճարվել նաև տեղական և միջազգային կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց կողմից (այսուհետ՝ ֆինանսավորող) և նրանց կողմից հատկացված դրամական միջոցների (այսուհետ՝ այլ ֆինանսական միջոցներ) հաշվին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից վերջիններիս հետ ձեռք բերված գրավոր համաձայնությամբ:
5. Սույն որոշման 4-րդ կետով նախատեսված դրամական օգնության գումարները վճարելու հետ կապված գործողություններ իրականացնելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը թույլատրել՝
1) ֆինանսավորողի և (կամ) իր նախընտրած բանկի հետ, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դրական եզրակացության առկայության դեպքում, կնքել համապատասխան պայմանագիր՝ անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորող պայմանների ընդգրկմամբ.
2) ֆինանսավորողին և (կամ) իր նախընտրած բանկին տրամադրել շահառուների էլեկտրոնային վճարման ցուցակներ՝ պայմանագրով սահմանված կարգով։ Ընդ որում՝ պայմանագրով սահմանված պայմաններով շահառուին սոցիալական աջակցությունը վճարվում է սույն որոշմամբ սահմանված այլ ֆինանսական միջոցներից, իսկ դրանց բացակայության կամ անբավարարության (մասնակի վճարման) դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված պետական բյուջեի միջոցների հաշվին։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: