Կառավարության որոշումներ

11 Փետրվարի 2021, 166 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ կետը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 41-րդ կետում «առնվազն վեց անդամ» բառերը փոխարինել «առնվազն երկու երրորդը» բառերով.
2) 42-րդ կետում «փակ» բառը փոխարինել «բաց» բառով.
3) 43-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 43.1-ին կետով.
«43.1. Տնօրենի ընտրության ժամանակ սույն կանոնադրության 80-րդ կետի 1.1-ին ենթակետում և 102-րդ կետի 1.1-ին ենթակետում նշված քվեարկության արդյունքները պարտադիր են մանկավարժական և ծնողական խորհուրդների կողմից առաջադրված դպրոցի խորհրդի անդամների համար: Ծնողական և մանկավարժական խորհուրդների՝ կառավարման խորհրդում առաջադրած անդամները, խորհուրդների կողմից քվեարկության արդյունքում ձայների հավասարությամբ պայմանավորված՝ տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար տվյալ մրցույթի ժամանակ թեկնածու չառաջադրելու դեպքում, ազատ են իրենց քվեարկության ժամանակ:».
4) 79-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին ենթակետով.
«1.1) դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը.».
5) 80-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին ենթակետով.
«1.1) քվեարկության միջոցով, դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդին հավանություն տալու,».
6) 102-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին ենթակետով.
«1.1) քննարկում է դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդի ներկայացրած զարգացման ծրագիրը և քվեարկությամբ որոշում դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի հավակնորդի իր թեկնածուին.»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Արխիվ

2024

2023