Կառավարության որոշումներ

11 Փետրվարի 2021, 174 - Ա

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝ կոմիտե) ամրացված և «Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ քաղ. Երևան, Կենտրոն Ծ. Իսակովի պողոտա 13/12 հասցեում գտնվող՝ 360.29 քառ. մետր մակերեսով կաթսայատունը (այսուհետ՝ գույք) և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.94964 հեկտար մակերեսով հողամասը հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «Արմենիա Վայն» Գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ) (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետություն, Արագածոտնի մարզ, գ. Սասունիկ)՝ ներկայացված գործարար ներդրումային ծրագրի համաձայն։
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ 2021 թվականի հունվարի 25-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը՝ 446,169.1 հազ դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա գույքի վաճառքի գինը՝ 378,644.1 հազ. դրամ.
3) որ գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.94964 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը` 236,355.9 հազ. դրամ։
3. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել վերջինիս անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ քաղ. Երևան, Կենտրոն Ծ. Իսակովի պողոտա 13 հասցեում գտնվող գույքի և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի անհատույց օգտագործման մասին 2011 թվականի ապրիլի 27-ին կնքված N 62/0011 պայմանագրում համապատասխան փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր՝ դրանում սահմանելով, որ պայմանագրի փոփոխության հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ կազմակերպության միջոցների հաշվին.
2) մեկամսյա ժամկետում գնորդի կողմից գույքի վաճառքի գնի, գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի կադաստրային արժեքի և գույքի արժեքի որոշման համար նախատեսված 42 235 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից և սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման և գրավի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ վերջինս պարտավորվում է՝
ա. քաղ. Երևան, Կենտրոն Ծ. Իսակովի պողոտա 13/12 հասցեում կառուցել նոր մասնաշենքեր, ստեղծել ծրագրավորման համար անհրաժեշտ նորարարական ստուդիաներ, որտեղ նախնական հաշվարկով կաշխատի 300-350 աշխատող,
բ. իրականացնել 1,000,000.0 հազ. դրամ ներդրումային ծրագիր՝ հետևյալ համամասնությամբ՝
- 2021-2022 թթ. ընթացքում՝ 150,000.0 հազ. դրամ,
- 2023 թվականի ընթացքում՝ 450,000.0 հազ. դրամ,
- 2024 թվականի ընթացքում՝ 400,000.0 հազ. դրամ,
գ. կազմակերպության սաներին անհատույց հիմունքներով թույլատրել օգտվել գնորդին պատկանող մարզադաշտից,
դ. իր միջոցների հաշվին վճարել սույն որոշումից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և պայմանագրի նոտարական վավերացման համար սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքը համարվում է գրավադրված Հայաստանի Հանրապետության օգտին՝ մինչև գնորդի կողմից սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի «ա», «բ» և «դ» պարբերություններով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարման ավարտը։
5. Գնորդը գույքի արժեքը պետք է վճարի Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը՝ «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին: