Կառավարության որոշումներ

11 Փետրվարի 2021, 171 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՎԱՌԵԼԱՓԱՅՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը և նպատակ ունենալով հնարավորինս մեղմել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի սոցիալապես անապահով ընտանիքների ձմեռային ամիսներին բնակտարածության ջեռուցման հարցերում ունեցած դժվարությունները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում հաշվառված, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում 20.00-ից բարձր անապահովության միավոր ունեցող, տնակներում կամ ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքներին (այսուհետ՝ շահառու) տրամադրել մեկական խոր. մետր վառելափայտ։
2. Սահմանել, որ՝
1) շահառուներին վառելափայտի տրամադրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանը․
2) վառելափայտը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին տրամադրում է «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը՝ կնքելով կլոր փայտանյութի առուվաճառքի պայմանագիր։
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) շահառուների էլեկտրոնային ցուցակը (սոցիալական աջակցության տարածքային գործակալության կամ բաժնի ծածկագիրը, ընտանիքի սոցիալական անձնագրի համարը, հասցեն, շահառուի (դիմողի) ազգանունը, անունը, հայրանունը, անձնագրի սերիան և համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ այն չունենալու մասին տեղեկանքի համարը, ընտանիքի անապահովության միավորը, դիմողի ստորագրման համար առանձնացված սյունակը) մինչև 2021 թվականի փետրվարի 15-ը տրամադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետով նախատեսված սոցիալական աջակցության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին՝
1) ապահովել ձեռք բերված 1500 խոր․ մետր վառելափայտի պահեստավորումը․
2) կազմակերպել վառելափայտի բաշխման աշխատանքները․
3) վառելափայտի բաշխման աշխատանքներն ավարտել վառելափայտն ստանալու օրվանից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում.
4) վառելափայտը շահառուին տրամադրել ստացականով (շահառուն ստորագրում է նաև տրամադրված ցուցակում, ստացականի մեկ օրինակը և անձը հաստատող փաստաթղթի պատճենը պահպանել ցուցակին կից).
5) սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված ժամկետից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել՝
ա. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված դրամական միջոցներից կատարված ծախսերի մասին հաշվետվություն,
բ. վառելափայտ ստացած շահառուների թվաքանակի և բաշխված վառելափայտի քանակի մասին տեղեկատվություն, դրան կցելով շահառուների ցուցակը, որում առկա է շահառուների ստորագրությունը՝ վառելափայտն ստանալու մասին․
6) համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ՝ կազմակերպել չբաշխված վառելափայտն այլ շահառուներին տրամադրելը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: