12 Փետրվարի 2021, 184 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1444-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 4-րդ մասը, 2.1-ին, 4-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածները, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալների, փոխհատուցման կարգի և փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 21-ի N 271-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1444-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԺԱՄԿԵՏՆԵՐԸ, ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 271-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) որոշման նախաբանը «Հայաստանի Հանրապետության» բառերից առաջ լրացնել «Հիմք ընդունելով «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի 2-րդ, 2.1-ին, 4-րդ, 5-րդ և 6-րդ հոդվածները» բառերով.
3) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) սույն որոշման N 1 հավելվածում նշված բնակավայրերին սոցիալական աջակցության տրամադրման նպատակով փոխհատուցման կարգը, ժամկետները, չափորոշիչները՝ համաձայն N 2 հավելվածի:».
4) N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի․
5) որոշման N 2 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԿԱՐԳ, ԺԱՄԿԵՏՆԵՐ, ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ».
6) որոշման N 2 հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կարգով կարգավորվում են սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում (այսուհետ՝ N 1 հավելված) ընդգրկված բնակավայրերի բնակչությանը սոցիալական աջակցության տրամադրման նպատակով փոխհատուցման կարգի, ժամկետների, չափորոշիչների պայմանների հետ կապված հարաբերությունները:».
7) որոշման N 2 հավելվածի 2-րդ, 6-րդ, 9-րդ, 10-րդ, 12–րդ և 17-րդ կետերը «Տավուշի» բառից հետո լրացնել «, Սյունիքի» բառով.
8) որոշման N 2 հավելվածի 15-րդ կետում «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեն» բառերով.
9) որոշման N 2 հավելվածի 16-րդ և 17-րդ կետերում «համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի» բառերը փոխարինել «և (կամ) դրանց բարելավումների անշարժ գույքի հարկի» բառերով.
10) որոշման N 2 հավելվածի 17-րդ կետում «հողի հարկի և գույքահարկի» բառերը փոխարինել «անշարժ գույքի հարկի» բառերով.
11) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 18-33-րդ կետերով.
«18. N 1 հավելվածում ընդգրկված բնակավայրերի հանրակրթական դպրոցների աշակերտներին դասագրքերի գումարների փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից՝ ամբողջությամբ։
19. Դասագրքերի գումարների փոխհատուցման չափը, ըստ յուրաքանչյուր դասագրքի, յուրաքանչյուր ուսումնական տարվա համար սահմանվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով։
20. Մինչև յուրաքանչյուր տարվա հոկտեմբերի 15-ը Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամի կողմից կազմվում և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն է ներկայացվում N 1 հավելվածում ընդգրկված բնակավայրերում տեղակայված հանրակրթական դպրոցների աշակերտներին դասագրքերի գումարների փոխհատուցման մասին տեղեկատվություն՝ ըստ յուրաքանչյուր դպրոցի յուրաքանաչյուր դասարանում սովորող աշակերտների թվի, փոխհատուցման ենթակա գումարի մեծության և փոխանցման բանկային վավերապայմանների։
21. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից
N 1 հավելվածում ընդգրկված բնակավայրերում տեղակայված հանրակրթական դպրոցների աշակերտներին դասագրքերի գումարների փոխհատուցման իրականացումը։
22. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ N 1 հավելվածում նոր բնակավայրեր ընդգրկվելու կամ հավելվածից բնակավայրեր հանվելու դեպքում հանրակրթական դպրոցների աշակերտներին դասագրքերի գումարների փոխհատուցումը նոր (թարմացված) ցանկով ենթակա է իրականացման նոր ուսումնական տարվա սկզբից, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
23. N 1 հավելվածում ընդգրկված բնակավայրերում Ադրբեջանի Հանրապետության տարածքից (կողմից) իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով օթևանին (բնակարանին կամ բնակելի տանը) հասցված նյութական (բացառությամբ օթևանից զրկվելու՝ բնակարանի կամ բնակելի տան քանդված լինելու դեպքերի), ինչպես նաև նշված գործողությունների հետևանքով գյուղատնտեսական ոլորտին հասցված վնասները (Ադրբեջանի Հանրապետության տարածքից (կողմից) իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողություններից հետո 1-ամսյա ժամկետում) գնահատվում են արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատման նպատակով ստեղծված համայնքային հանձնաժողովների կողմից (ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումի առկայությունը պարտադիր պայման չէ):
24. Համայնքային հանձնաժողովների կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատված ակտերը ներկայացվում են արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատման նպատակով ստեղծված մարզային հանձնաժողովների հաստատմանը։ Մարզային հանձնաժողովների կողմից ակտերն ստանալուց հետո 15-օրյա ժամկետում դրանք ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային կառավարման բնագավառում լիազոր մարմին: Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային կառավարման բնագավառում լիազոր մարմինն ակտերն ուսումնասիրելուց հետո 15-օրյա ժամկետում սահմանված կարգով դիմում է Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ տուժած ֆիզիկական և իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցում տալու նպատակով:
25. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համապատասխան որոշման ընդունումից հետո տուժած ֆիզիկական և իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական փոխհատուցումը տրամադրվում է համապատասխան մարզպետի կողմից ծանուցումն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում (մարզպետը փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձին ծանուցումը տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշումն ընդունելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում)` մարզպետին ներկայացված դիմումի համաձայն՝ մարզպետի և փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց միջև՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցում ստանալու մասին կնքված պայմանագրի հիման վրա: Բացառություն են կազմում այն անձինք կամ նրանց ընտանիքի անդամները, ովքեր վիրավորվել են Ադրբեջանի Հանրապետության տարածքից (կողմից) իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով և ստանում են ստացիոնար բուժում: Վերջիններս ստացիոնար բուժումն ավարտելուց հետո 15-օրվա ընթացքում դիմում են ներկայացնում մարզպետին:
26. N 1 հավելվածում ընդգրկված բնակավայրերում և դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից (կողմից) իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով վիրավորված քաղաքացիներին (քաղաքացիական անձանց) և զոհված քաղաքացիների (քաղաքացիական անձանց) օրինական ներկայացուցիչներին (այսուհետ՝ շահառու) աջակցությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն)՝ շահառուի կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումի հիման վրա։
27. Դիմումը ներկայացնելու համար շահառուն (հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում բժշկասոցիալական փորձաքննական համապատասխան որոշումն ստանալուց հետո 6-ամսյա ժամկետում, իսկ անձի մահվան դեպքում մահվան վկայականն ստանալուց հետո 6-ամսյա ժամկետում) e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի կամ նախարարության mlsa.am պաշտոնական կայքէջի «Գրեք նամակ» բաժնի միջոցով նախարարություն է ներկայացնում՝
1) հաշմանդամություն ձեռք բերած անձանց դեպքում՝
ա. եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն չափահաս է, ապա շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը) և բժշկասոցիալական փորձաքննական որոշման էլեկտրոնային լուսապատճենը,
բ. եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն անչափահաս է, ապա օրինական ներկայացուցչի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը), երեխայի անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, ծննդյան վկայականի և բժշկասոցիալական փորձաքննական որոշման էլեկտրոնային լուսապատճենները,
գ. շահառուի (սույն ենթակետի «բ» պարբերությունում նշված դեպքում՝ օրինական ներկայացուցչի) էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը և բանկային հաշվեհամարը,
դ․ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ականների պայթյունից կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից (կողմից) իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով անձի վիրավորում ստանալու հանգամանքները նկարագրող դատավարական փաստաթղթի էլեկտրոնային լուսապատճենը.
2) զոհված անձանց ընտանիքների դեպքում՝
ա. շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը (կամ նույնականացման քարտի համարը), էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը, բանկային հաշվեհամարը և զոհվածի մահվան վկայականի կամ մահվան ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքի էլեկտրոնային լուսապատճենը,
բ. ամուսնության վկայականի կամ ամուսնության գրանցման վերաբերյալ տեղեկանքի էլեկտրոնային լուսապատճենը` զոհվածի ամուսնու համար,
գ. զոհվածի ծննդյան վկայականի կամ ծննդյան գրանցման վերաբերյալ տեղեկանքի էլեկտրոնային լուսապատճենը` զոհվածի ծնողի կամ օրինական ներկայացուցչի համար,
դ. երեխայի ծննդյան վկայականի և, առկայության դեպքում, երեխայի ծնողների ամուսնության վկայականի (կամ հայրության ճանաչման վկայականի) էլեկտրոնային լուսապատճենը՝ զոհվածի երեխայի համար,
ե. ըստ անհրաժեշտության՝ առկա (ցերեկային) ուսուցմամբ սովորելը հաստատող փաստաթղթի, հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննական որոշման, ինչպես նաև 18 տարին չլրացած երեխայի օրինական ներկայացուցիչը՝ ծնողը, խնամակալը, որդեգրողը, դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձի խնամակալ հանդիսանալը հաստատող փաստաթղթերի էլեկտրոնային լուսապատճենները,
զ. տեղեկատվություն այլ շահառուների (ընտանիքի անդամներ՝ ամուսին, զավակ, ծնող, քույր, եղբայր) առկայության վերաբերյալ՝ համաձայնության դեպքում կցելով նաև զոհվածի համար նախատեսված գումարը մեկ շահառուի կողմից ստանալու մասին բոլոր շահառուների կողմից ստորագրված համաձայնագրի էլեկտրոնային լուսապատճենը,
է․ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում ականների պայթյունից կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից (կողմից) իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով անձի մահվան հանգամանքները նկարագրող որևէ դատավարական փաստաթղթի էլեկտրոնային լուսապատճենը։
28. Դիմումը մերժվում է, եթե՝
1) ներկայացված տվյալները թերի են և դրա մասին նախարարությունից տեղեկանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում չեն լրացվել.
2) դիմումը ներկայացնելու պահին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն՝ առկա է շահառուի մահվան պետական գրանցում: Այս դեպքում, զոհված քաղաքացիների ընտանիքների այլ անդամի առկայության դեպքում, վերջիններս աջակցությունից օգտվելու համար դիմում են սույն կարգի 27-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով.
3) շահառուի համար առկա է հաստատված դիմում, բացառությամբ այն դեպքերի, երբ շահառուն հանդիսանում է նաև զոհված այլ անձի ընտանիքի անդամ։
29. Եթե դիմումը չի մերժվում, ապա նախարարությունը՝
1) հաշվառում է դիմումը և դիմում է Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից միանվագ գումարային աջակցություն տրամադրելու նպատակով` հաշվարկելով միանվագ դրամական օգնության չափը՝
ա. առաջին խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 3.000.000 դրամ,
բ. երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 2.000.000 դրամ,
գ. երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում` 1.000.000 դրամ,
դ. հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում՝ 3.000.000 դրամ,
ե. զոհված անձանց ընտանիքների դեպքում՝ 5.000.000 դրամ/շահառուների թիվ (գումարը բաժանվում է շահառուների միջև, եթե չկա նախատեսված գումարը մեկ շահառուի կողմից ստանալու մասին համաձայնություն),
զ. եթե առկա չէ զոհված քաղաքացիների ընտանիքների անդամների (շահառուների) վերաբերյալ ճշգրտված տեղեկատվություն, ապա հաշվարկվում է միանվագ դրամական օգնության նախնական չափ՝ 1.000.000 դրամ: Մահվան վկայականն ստանալուց հետո 6-ամսյա ժամկետի լրացման օրվա դրությամբ կատարվում է միանվագ դրամական օգնության վերջնական չափի հաշվարկում՝ համաձայն սույն ենթակետի «ե» պարբերության.
2) հաստատում է դիմումը և շահառուի տվյալները ներառում է վճարման ցուցակում:
30. Աջակցությունը նշանակելու կամ մերժելու մասին որոշումը նախարարությունը կայացնում է դիմումն ստանալուց հետո առավելագույնը 30 օրերի ընթացքում, որի մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնում է դիմողին: Ընդ որում, աջակցությունը նշանակելու դեպքում՝ նշվում է նաև hաշվարկված դրամական օգնության չափը։
31. Աջակցությունը վճարվում է անկանխիկ եղանակով՝ դրամական օգնության գումարը դիմողի բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով:
32. Աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց:
33. Սույն կարգով փոխհատուցում կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի N 2082-Լ որոշմամբ սոցիալական աջակցություն ստացած, ինչպես նաև սույն կարգով սահմանված ժամկետներում համապատասխան մարմիններին դիմում չներկայացրած անձանց նկատմամբ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքով նախատեսվող պետական պարտավորությունները համարվում են դադարեցված։»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման 1-ին կետով հաստատված ցանկում ընդգրկված սահմանամերձ համայնքների բնակավայրերի բնական գազ սպառող բնակիչ-բաժանորդների, էլեկտրաէներգիա սպառող բնակիչ-բաժանորդների, Գազպրոմ Արմենիա փակ բաժնետիրական ընկերության բաժանորդ չհանդիսացող, սակայն էլեկտրաէներգիա սպառող բնակիչ-բաժանորդների, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործվող ոռոգման ջրի վարձավճարների մասնակի, վճարման ենթակա անշարժ գույքի հարկի փոխհատուցումը տրամադրել որոշման 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված ծավալներին ու 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված կարգին համապատասխան՝ 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է սահմանամերձ համայնքների բնակավայրերի ընտանիքների՝
1) բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման մասով՝ 2021 թվականի փետրվարի 1-ից հետո սպառած բնական գազի և էլեկտրաէներգիայի, օգտագործած ոռոգման ջրի ծավալների սակագնի փոխհատուցմանն առնչվող հարաբերությունների վրա.
2) հողատարածքների և (կամ) դրանց բարելավումների անշարժ գույքի հարկի փոխհատուցման մասով՝ 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։