Կառավարության որոշումներ

11 Փետրվարի 2021, 177 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 264-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի «Ճանապարհային ոլորտը համակարգող խորհուրդ ստեղծելու, խորհրդի կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 264-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 3-րդ կետում «յուրաքանչյուր կիսամյակ» բառերը փոխարինել «յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մինչև հաջորդ տարվա մարտի 1-ը» բառերով.
2) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
3) որոշման N 2 հավելվածի`
ա. 3-րդ կետի 2-րդ ենթակետում «ճանապարհների կառուցման» բառերը փոխարինել «ճանապարհների, այդ թվում՝ արհեստական կառույցների, կառուցման» բառերով, իսկ «տարեկան» բառից հետո լրացնել «և հեռանկարային զարգացման» բառերով.
բ. 3-րդ կետի 6-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ և 8-րդ ենթակետերով.
«7) ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության համակարգի ներդրման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
8) հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տնտեսական, ռազմավարական, սոցիալական և տարածքների համաչափ զարգացման չափորոշիչները միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների, այդ թվում՝ արհեստական կառույցների, պահպանման, զարգացման և բարելավման առաջնահերթությունների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:»,
գ. 4-րդ կետում «երեք» բառը փոխարինել «վեց» բառով.
դ. 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին և 5.2-րդ կետերով.
«5.1. Խորհրդի նախագահի կամ նախագահի տեղակալի նախաձեռնությամբ խորհրդի նիստերը՝ այդ թվում նաև արտահերթ նիստերը, կարող են անցկացվել հեռակա՝ գրավոր հարցման կարգով:
5.2. Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող նյութերը, ինչպես նաև խորհրդի նիստերի որոշումները և արձանագրւթյունները խորհրդի անդամներին տրամադրվում են էլեկտրոնային ընդհանուր փաստաթղթաշրջանառության համակարգով կամ էլեկտրոնային փոստին ուղարկելու միջոցով։»,
ե. 11-րդ կետը «պետական մարմինների» բառերից հետո լրացնել «և հասարակական կազմակերպությունների» բառերով,
զ. ուժը կորցրած ճանաչել 20-րդ կետի 4-րդ և 6-րդ ենթակետերը.
է. 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20.1-ին կետով.
«20.1. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում խորհրդի նախագահի պարտականությունները կատարում է խորհրդի նախագահի տեղակալը:»,
ը. 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21. Խորհրդի գործունեության կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է խորհրդի քարտուղարությունը, որը գլխավորում է խորհրդի քարտուղարը: Խորհրդի քարտուղարի պարտականությունները իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության (այսուհետ՝ վարչություն) պետը, իսկ նրա բացակայության դեպքում՝ վարչության բաժնի պետերից մեկը: Խորհրդի քարտուղարության հետ կապված աշխատանքներն իրականացվում են վարչության կողմից:»,
թ. 22-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) նախապատրաստում է նիստի, այդ թվում՝ հեռակա գրավոր հարցման միջոցով իրականացվող նիստի, օրակարգին վերաբերող համապատասխան նյութերը, կազմակերպում է նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին, ինչպես նաև խորհրդի անդամներից դիրքորոշումների ստացումը։»։

հավելված