12 Փետրվարի 2021, 186 - Լ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԿԱՄ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ 4 ԱՄԻՍ ԺԱՄԿԵՏՈՎ ԱՄՍԱԿԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
ա) մինչև 2021 թվականի փետրվարի 17-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու միջոցառումը ֆինանսավորելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու վերաբերյալ,
բ) մինչև 2021 թվականի փետրվարի 25-ը ներկայացնել սույն որոշմամբ սահմանված աջակցության տրամադրման կարգը:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ մինչև 2021 թվականի փետրվարի 19-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը տրամադրել փետրվարի 10-ի դրությամբ՝ Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված անձանց (այդ թվում՝ մինչև 18 տարեկան երեխաների) տվյալները։