27 Հունվարի 2021, 99 - Ա
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգի 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9.1-ին կետերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալ կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող և բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կրթական ծրագրով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների` համաձայն N 1 հավելվածի:
2. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալ կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող և մագիստրատուրայի կրթական ծրագրով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների` համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ սույն որոշման N 2 հավելվածի` 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված՝ Էրիկ Արտակի Առաքելյանի (ծնվ.՝ 09.04.1999 թ.) մասով սույն որոշումն ուժի մեջ է մտնում այլ հիմքով ստացած տարկետումը դադարելու օրվանից:
4. Սահմանել, որ սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված քաղաքացիների համար սույն որոշմամբ տրված տարկետումներն ուժի մեջ են մտնում մինչև 2021 թվականի փետրվարի 15-ը ներառյալ իրենց զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ ներկայացված՝ համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքի հիման վրա: Եթե մինչև 2021 թվականի հունվարի 29-ը ներառյալ՝ սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված քաղաքացիներն իրենց զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ չեն ներկայացնում համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք, ապա նրանք համարվում են սույն որոշման շրջանակներում տարկետման իրավունք չունեցող և ենթակա են պարտադիր զինվորական ծառայության՝ հայտարարված 2020 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում: