21 Հունվարի 2021, 79 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 10-Ի N 797-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 10-ի Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու կարգն ու պայմանները սահմանելու մասին N 797-Ն որոշումը շարադրել նոր խմբագրությամբ.
ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԿԱՄ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ, ՇԵՆՔՈՒՄ ԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՄ ԱՅԼ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ԳՏՆՎՈՂ ՈՒՐԻՇԻ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ
ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱԶԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության քաղաքացիական oրենuգրքի 203-րդ հոդվածի 4-րդ, 7-րդ և 8-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել ֆիզիկական անձի ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու, ֆիզիկական և իրավաբանական անձանց հողամասի, շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու նպատակով ոստիկանությանը լիազորելու կարգն ու պայմանները` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ֆիզիկական անձի կամ ֆիզիկական անձի և շարժական գույքի ներխուժումը վերացնելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու կարգն ու պայմանները՝ համաձայն N 2 հավելվածի:
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 10-ի N 797-Ն որոշման
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԿԱՄ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՏԻՐԱՊԵՏՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ, ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ
ԱՆՁԱՆՑ ՀՈՂԱՄԱՍԻ, ՇԵՆՔԻ ԿԱՄ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՅԼ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ԳՏՆՎՈՂ ՈՒՐԻՇԻ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԼԻԱԶՈՐԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Անշարժ գույքի օրինական տիրապետող է այն անձը, որը պայմանագրով կամ օրենքով սահմանված կարգով իրավունք ունի տիրապետելու կամ տնօրինելու կամ օգտագործելու կամ կառավարելու անշարժ գույքը, այդ թվում` անշարժ գույքի սեփականատերը, օգտագործողը (վարձակալ, անհատույց օգտագործող, կառուցապատման իրավունք ունեցող) կամ հավատարմագրային կառավարիչը, ինչպես նաև նրանց օրինական ներկայացուցիչները: Անշարժ գույքի օրինական տիրապետման իրավունքը կարող է հավաստվել միայն Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրված համապատասխան իրավունքի վկայականով կամ անշարժ գույքի օրինական տիրապետող հանդիսանալը հավաստող այլ փաստաթղթով: Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամաս, շենք կամ շինություն ներխուժումը վերացնելու դեպքում որպես իրավասու մարմին հանդես է գալիս համայնքի ղեկավարը (Երևանի դեպքում` Երևանի քաղաքապետը)` համայնքի սեփականությանը կամ օգտագործմանը հանձնված հողամասի, շենքի կամ շինության դեպքում, ինչպես նաև այն մարմինի կամ կազմակերպության ղեկավարը, որը օրինական հիմունքներով տիրապետում է պետական կամ համայնքային շենքին կամ շինությանը:
2. Առանց օրենքով սահմանված հիմքերի կամ օրինական տիրապետողի թույլտվության՝ հողամաս, շենք, շինություն և այլ անշարժ գույքի տարածք մուտք գործելու (այսուհետ՝ ֆիզիկական անձի ներխուժում) կամ այդ տարածքում առանց օրինական տիրապետողի թույլտվության որևէ շարժական գույք տեղադրելու պարագայում (այսուհետ նաև՝ շարժական գույքով ներխուժում) կամ ֆիզիկական անձի և շարժական գույքով ներխուժման դեպքերում (այսուհետ նաև՝ ներխուժում) անշարժ գույքի օրինական տիրապետողը ներխուժումը կանխելու կամ վերացնելու համար ոստիկանությանը կարող է դիմել հեռախոսով կամ այլ միջոցներով` ոստիկանությանը համապատասխան անշարժ գույքի տարածք հրավիրելու կամ ոստիկանության համապատասխան ստորաբաժանում անձամբ ներկայանալու միջոցով:
3. Ոստիկանությունը պարտավոր Է ֆիզիակական անձի կամ ֆիզիկական անձի և շարժական գույքով ներխուժման դեպքում անշարժ գույքի օրինական տիրապետողի դիմումը (հաղորդումը) ստանալուց հետո ոչ ուշ, քան երեք ժամվա ընթացքում ներկայանալ համապատասխան անշարժ գույքի տարածք, եթե անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից գրավոր չեն նշվել անշարժ գույքի տարածք ներկայանալու ավելի ուշ ժամկետներ:
4. Սույն հավելվածի 3-րդ կետում սահմանված դեպքում ոստիկանությունը, անշարժ գույքի տարածք ներկայանալով, ստուգում է դիմող անձի ինքնությունը, անշարժ գույքի նկատմամբ նրա օրինական տիրապետումը հավաստող փաստաթղթերը, որից հետո պարզում է անշարժ գույքի տարածքում գտնվող կամ տարածք մուտք գործել ցանկացող անձի ինքնությունը և նրա կողմից անշարժ գույքի տարածքում մուտք գործելու կամ գտնվելու հիմքերը կամ պատճառները, այդ թվում՝ օրինական տիրապետողի տարածքում շարժական գույք տեղադրելու հիմքերը:
5. Ազգակցական, բարեկամական կապերը կամ տվյալ անշարժ գույքի տարածքում հաշվառված լինելու հանգամանքն ինքնին իրավունք չի վերապահում առանց տիրապետողի համաձայնության ներխուժելու անշարժ գույքի տարածք:
6. Ոստիկանն իրավունք չունի կողմերի նկատմամբ կիրառելու որևէ միջոց կամ պահանջ, եթե պարզում է, որ`
1) ներխուժում իրականացրած կամ իրականացնող կամ այդ տարածքում շարժական գույք տեղադրած անձը տվյալ անշարժ գույքի օրինական տիրապետող է, կամ`
2) անձը գրավոր կնքված քաղաքացիաիրավական կամ աշխատանքային կամ ամուսնաընտանեկան կամ այլ պայմանագրի կամ լիազորագրի համաձայն իրավունք ունի մշտապես կամ որոշակի ժամանակով գտնվելու տվյալ անշարժ գույքի տարածքում կամ շարժական գույքը տեղադրելու տվյալ անշարժ գույքի տարածքում կամ`
3) անձը բնակելի տարածքն օրինական տիրապետող անձի անչափահաս երեխան է կամ ամուսինը:
Այս դեպքերում ոստիկանի կողմից կազմվում է արձանագրություն, որում, մասնավորապես, պետք է նշվեն արձանագրությունը կազմելու ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը, արձանագրությունը կազմող անձի անունը և ազգանունը, նրա պաշտոնը, ոստիկանությանը դիմելու օրը և ժամը, դիմող անձի անունը, ազգանունը, հայրանունը (դիմողի անձը հաստատող փաստաթղթում հայրության գրառման առկայության դեպքում), բնակության վայրը, անշարժ գույքի տիրապետման տեսակը, երբ և ում կողմից է տրվել տիրապետման փաստը հաստատող փաստաթուղթը, անշարժ գույքի տարածք մուտք գործող կամ գտնվող անձի անունը, ազգանունը, հայրանունը (նրա անձը հաստատող փաստաթղթում հայրության գրառման առկայության դեպքում), բնակության վայրը, ներխուժման վերացումը բացառող հիմքը և այն հիմնավորող փաստաթղթերը, ինչպես նաև ոստիկանի եզրակացությունը:
7. Սույն հավելվածի 6-րդ կետի համաձայն կազմված արձանագրությունն ընթերցվում է դիմողի և ներխուժում իրականացրած անձանց համար, և նրանց պարզաբանվում է արձանագրության մեջ մտցնելու ենթակա դիտողություններ անելու իրենց իրավունքը: Արձանագրությունը uտորագրում են այն կազմող ոստիկանը, դիմողը և ներխուժում իրականացրած անձը: Դիմողի կամ ներխուժում իրականացրած անձի` արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում ոստիկանը արձանագրությունում այդ մասին կատարում է համապատասխան նշում:
8. Սույն հավելվածի 6-րդ կետի համաձայն կազմված արձանագրության մեկական օրինակ հանձնվում է կողմերին: Միաժամանակ ոստիկանը պարզաբանում է դիմողին, որ տվյալ պարագայում ինքն իրավասու չէ անձին կամ նրա շարժական գույքը դուրս բերելու անշարժ գույքի տարածքից կամ արգելելու մտնել անշարժ գույքի տարածք, և կողմերի միջև տվյալ վեճը կարող է լուծվել միայն դատական կարգով:
9. Եթե ոստիկանը պարզում է, որ անձը կամ շարժական գույքը գտնվում է անշարժ գույքի տարածքում` առանց օրինական հիմքերի, կամ այդ անձը հրաժարվում է ներկայացնել իր ինքնությունը կամ անշարժ գույքի տարածքում գտնվելու կամ շարժական գույքը անշարժ գույքի տարածքում գտնվելու օրինականությունը հավաստող փաստաթղթեր, կամ կողմերի միջև վեճի հիմքում ընկած է գործողությունը դադարած պայմանագիր, ապա ոստիկանը ներխուժողին բանավոր պահանջում է մուտք չգործել կամ անհապաղ դուրս գալ անշարժ գույքի տարածքից, այդ թվում` հեռացնելով անշարժ գույքի տարածքում գտնվող շարժական գույքը` դրա համար նրան տալով մինչև մեկամսյա ժամկետ: Ժամկետը որոշելիս ոստիկանության ծառայողը հաշվի է առնում ներխուժողի և դիմումատուի (եթե ընտանիք է ապա նաև ընտանիքի անդամների) տարիքը և առողջական վիճակը, եղանակային և այլ պայմանները:
10. Եթե ներխուժած անձը հրաժարվում է ոստիկանի բանավոր պահանջը կատարել, ապա ոստիկանն առաջարկում է անշարժ գույքի օրինական տիրապետողին անշարժ գույքի տարածք ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով իրեն ներկայացնել գրավոր լիազորագիր՝ տալով նրան սույն կարգի ու պայմանների ձևում նշված լիազորագրի ձևաթուղթը:
11. Եթե օրինական տիրապետողը հրաժարվում է լրացնել լիազորագիրը, ապա ոստիկանը պարզաբանում է դիմողին, որ տվյալ պարագայում ինքն առանց գրավոր լիազորագրի իրավասու չէ կանխելու կամ վերացնելու ներխուժումը: Եթե օրինական տիրապետողը կրկին հրաժարվում է լրացնել լիազորագիրը, ապա ոստիկանը կազմում է տիրապետողի կողմից լիազորագիրը լրացնելուց հրաժարվելու մասին արձանագրություն, որը ստորագրում են տիրապետողը և ոստիկանը:
12. Անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից լիազորագիրն ստանալուց հետո ոստիկանը ևս մեկ անգամ պահանջում է ներխուժումը դադարեցնել՝ նշելով, որ իր օրինական պահանջը չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն: Եթե այս դեպքում ևս ներխուժումը չդադարեցվի, ապա ոստիկանն իրավունք ունի ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով գործադրելու օրենքով նախատեսված ֆիզիկական ուժ կամ հատուկ միջոցներ:
13. ֆիզիկական անձի ներխուժումը վերացնելուց հետո, եթե առկա է նաև շարժական գույքով ներխուժում, ապա ոստիկանությունն ապահովում է շարժական գույքի տեղափոխումը օրինական տիրապետողի կողմից՝ այդ ընթացքում իրականացնելով հասարակական կարգի պահպանության գործառույթ: Եթե շարժական գույքը հնարավոր չէ հեռացնել և տեղափոխել առանց տեխնիկական միջոցների գործադրման և առկա չեն սույն հավելվածի 21-րդ կետով նախատեսված հիմքերը, ապա ոստիկանությունը դիմում է օրինական տիրապետողին՝ 30-օրյա ժամկետում համապատասխան տեխնիկական (տրանսպորտային) միջոցներ և (կամ) սպասարկող անձնակազմ տրամադրելու պահանջով: Եթե նշված ժամկետում տրամադրվում են համապատասխան տեխնիկական միջոցներ և դրանք սպասարկող անձնակազմ, ապա շարժական գույքի հեռացումն իրականացվում է սույն հավելվածի 22-29-րդ կետերով սահմանված կարգով, իսկ եթե նշված ժամկետում դրանք չեն տրամադրվում, ապա ոստիկանը կազմում է սույն հավելվածի 23-րդ կետով սահմանված արձանագրությունը:
14. Անշարժ գույքի տարածքում տեղադրված շարժական գույքը հեռացնելու և տեղափոխելու նպատակով (այն դեպքում, երբ ֆիզիկական անձի ներխուժում առկա չէ) հողամասի, շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի տարածքի օրինական տիրապետողը ոստիկանությանը կարող է դիմել և լիազորել միայն սույն հավելվածի 15-րդ, 16-րդ, 17-րդ և 18-րդ կետերով սահմանված դրույթների պահպանման դեպքում:
15. Մինչև սույն հավելվածի 14-րդ հոդվածով նախատեսված կարգով ոստիկանությանը դիմելը օրինական տիրապետողը շարժական գույքը հեռացնելու վերաբերյալ պահանջն ուղարկում է շարժական գույքը վերջին հայտնի տիրապետողի (այսուհետ՝ շահագրգիռ անձ) հաշվառման և վերջին հայտնի բնակության վայրի (եթե այն հայտնի է) կամ հաշվառման և աշխատավայրի հասցեով (եթե այն հայտնի է) պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ: Պահանջն ուղարկելու պահից 10-օրյա ժամկետում հետադարձ ծանուցումը չստանալու կամ ծրարը հետ գալու դեպքում՝ օրինական տիրապետողը օրենքով սահմանված հրապարակային եղանակով՝ http://www.azdarar.am Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է ծանուցումը:
Շարժական գույքը հեռացնելու համար տրվող ժամկետը չի կարող պակաս լինել 10 օրից:
16. Սույն հավելվածի 15-րդ կետով նախատեսված կարգով շահագրգիռ անձին ծանուցելուց կամ ծանուցումը հրապարակելուց հետո՝ ոչ շուտ, քան 10 և ոչ ուշ, քան 30 օր անց օրինական տիրապետողը գրավոր դիմում է համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետին)՝ շարժական գույքը տեղափոխելու համար համապատասխան տարածքի հասցե ստանալու և այն ոստիկանությանն ուղղված դիմումին կցելու համար: Դիմումի մեջ նշվում են օրինական տիրապետողի ազգանունը, անունը, ծննդյան թիվը, հաշվառման և բնակության վայրի հասցեն, անշարժ գույքի հասցեն, հեռացման ենթակա շարժական գույքը անհատականացնող տվյալներ, համապատասխան տարածք տրամադրելու վերաբերյալ խնդրանքի ձևակերպումը: Համայնքի ղեակավարը պարտավոր է սույն կետով նախատեսված դիմումը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում տրամադրել համապատասխան տարածքի հասցե` շարժական գույքը տեղափոխելու համար՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով օրինական տիրապետողին: Շարժական գույքը տեղափոխելու համար համայքնի ղեկավարի (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետի) կողմից հատկացված տարածքի վերաբերյալ գրությունը ստանալու պահից ոչ ուշ, քան 30 օրվա ընտացքում օրինական տիրապետողը կարող է դիմել ոստիակնություն՝ խնդրելով ապահովել շարժական գույքի հեռացումը:
17. Անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու վերաբերյալ ոստիկանությանն ուղղված՝ սույն հավելվածի 14-րդ կետով նախատեսված դիմումի մեջ նշվում են օրինական տիրապետողի ազգանունը, անունը, ծննդյան թիվը, հաշվառման և բնակության վայրի հասցեն, անշարժ գույքի հասցեն, հեռացման ենթակա շարժական գույքը անհատականացնող տվյալներ, շարժական գույքը հեռացնելու վերաբերյալ պահանջի ձևակերպումը, ինչպես նաև այն տարածքի հասցեն, որտեղ պետք է տեղափոխվի շարժական գույքը:
18. Անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու վերաբերյալ դիմումին կցվում են օրինական տիրապետողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, անշարժ գույքի օրինական տիրապետող հանդիսանալը հավաստող ապացույցը, անշարժ գույքը այլ անձանց գույքային իրավունքներով ծանրաբեռնվածության վերաբերյալ փաստաթուղթ, նշված պահանջը շահագրգիռ անձին ուղարկելը հավաստող ապացույցները կամ հավաստումը, որ այն հրապարակվել է http://www.azdarar.am Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ միաժամանակ ներկայացնելով հետադարձ ծանուցումը չստանալու կամ ծրարը հետ գալու փաստը հավաստող ապացույցը, սույն կարգի ու պայմանների ձևում նշված լիազորագրի ձևաթուղթը, շարժական գույքը տեղափոխելու համար համայքնի ղեկավարի (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետի) կողմից հատկացված տարածքի վերաբերյալ գրությունը:
19. Սույն հավելվածի 14-րդ կետում նշված դիմումը ստանալուց հետո 30-օրյա ժամկետում ոստիկանությունն ապահովում է շարժական գույքի տեղափոխումը օրինական տիրապետողի կողմից՝ այդ ընթացքում իրականացնելով հասարակական կարգի պահպանության գործառույթ, եթե առկա չեն սույն հավելվածի 20-րդ և 21-րդ կետերով սահմանված հիմքերը:
20. Եթե ոստիկանը պարզում է, որ շարժական գույքը հեռացնելու և տեղափոխելու համար անհրաժեշտ են տեխնիկական (տրանսպորտային) միջոցներ և (կամ) դրանք սպասարկող անձնակազմ, ապա դիմում է օրինական տիրապետողին՝ 30-օրյա ժամկետում համապատասխան տեխնիկական (տրանսպորտային) միջոցներ և (կամ) դրանք սպասարկող անձնակազմ տրամադրելու պահանջով:
21. Ոստիկանն իրավունք չունի կողմերի նկատմամբ կիրառելու որևէ միջոց կամ պահանջ, եթե սույն հավելվածի 14-րդ կետում նշված դիմումը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում պարզում է, որ`
1) օրինական տիրապետողի դիմումը չի համապատասխանում սույն հավելվածով նախատեսված պահանջներին.
2) հայտնի չէ որևէ շահագրգիռ անձ, որը շարժական գույքի նկատմամբ ունի օրինական տիրապետման իրավունք.
3) առկա են սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված հիմքերը:
Ոստիկանը իրավունք չունի կողմերի նկատմամբ կիրառելու որևէ միջոց կամ պահանջ, նաև այն դեպքում, երբ դիմել է օրինական տիրապետողին՝ համապատասխան տեխնիկական միջոցներ և դրանք սպասարկող անձնակազմ տրամադրելու պահանջով, սակայն այդ միջոցները 30-օրյա ժամկետում չեն տրամադրվել:
Նշված դեպքերում ոստիկանը կազմում է արձանագրություն սույն հավելվածի 6-ից 8-րդ կետերին համապատասխան՝ այնքանով, որքանով այդ կետերով սահմանված նորմերն իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են սույն կետով նախատեսված արձանագրության նկատմամբ:
22. Օրինական տիրապետողի կողմից անհրաժեշտ և պիտանի տեխնիկական (տրանսպորտային) միջոցներ և (կամ) դրանք սպասարկող անձնակազմ տրամադրելուց հետո 7-օրյա ժամկետում ոստիկանությունը, իրականացնելով օրենքով իրեն վերապահված լիազորությունները, ապահովում է շարժական գույքի անխոչընդոտ հեռացումը:
23. Շարժական գույքի գտնվելու վայրի համայնքի ղեկավարը (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետը) ապահովում է այն վայրի տրամադրումը որտեղ կարող է տեղափոխվել շարժական գույքը: Այս պարագայում համայնքի ղեկավարը օժանդակություն ստանալու նպատակով կարող է դիմել համապատասխան տարածքային կառավարման պետական մարմնին:
24. Շարժական գույքը համայնքի հատկացրած տարածք տեղափոխվելու դեպքում, շահագրգիռ անձը կարող է 6-ամսյա ժամկետում տեղափոխել իր գույքը: Նշված ժամկետի ավարտից հետո, եթե շարժական գույքը չի տեղափոխվում շահագրգիռ անձի կողմից, ապա գույքի կարգավիճակը որոշվում է՝ քաղաքացիական օրենսգրքի 179-րդ հոդվածով սահմանված կարգով:
25. Շարժական գույքի հեռացման, տեղափոխման և պահպանման ընթացքում շարժական գույքին կամ դրանում գտնվող գույքին պատճառված վնասը, դրանց կորուստը փոխհատուցման ենթակա չեն:
26.Ներխուժումը կանխելուց կամ վերացնելուց անմիջապես հետո ոստիկանը կազմում է արձանագրություն, որում, մասնավորապես, պետք է նշվեն արձանագրությունը կազմելու ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը, արձանագրությունը կազմող անձի անունը և ազգանունը, նրա պաշտոնը, ոստիկանությանը դիմելու օրը և ժամը, դիմող անձի անունը, ազգանունը, հայրանունը (դիմողի անձը հաստատող փաստաթղթում հայրության գրառման առկայության դեպքում), բնակության վայրը, անշարժ գույքի տիրապետման տեսակը, երբ և ում կողմից է տրվել տիրապետման փաստը հաստատող փաստաթուղթը, անշարժ գույքի տարածք մուտք գործող կամ գտնվող անձի անունը, ազգանունը, հայրանունը (նրա անձը հաստատող փաստաթղթում հայրության գրառման առկայության դեպքում), բնակության վայրը, ներխուժումը կանխելու կամ վերացնելու ժամը և դրա իրականացման համար կիրառված միջոցները: Եթե շարժական գույքը հեռացվել է սույն հավելվածի 14-րդ կետով նախատեսված դիմումի հիման վրա, ապա արձանագրության մեջ նշվում են նաև շարժական գույքը հեռացնելու համար հիմք հանդիսացած դիմումի պատճենը արձանագրությանը կցված լինելու վերաբերյալ հաստատումը, շարժական գույքի տեսակը, անհատական հատկանիշները և այլ առանձնահատկություններ, ինչպես նաև հասցեն որտեղ տեղափոխվել է շարժական գույքը:
27. Արձանագրությունն ընթերցվում է դիմողի և ներխուժողի համար, և նրանց պարզաբանվում է արձանագրության մեջ մտցնելու ենթակա դիտողություններ անելու իրենց իրավունքը:
28. Արձանագրությունն uտորագրում են այն կազմող ոստիկանը, դիմողը և անշարժ գույքի տարածք ներխուժողը, եթե վերջիններս ներկա են: Այն դեպքում, երբ առանց օրինական հիմքերի անշարժ գույքի տարածք ներխուժողը կամ դիմողը հրաժարվում են ստորագրել արձանագրություն կամ ներկա չեն եղել ներխուժումը կանխելու կամ վերացնելու գործընթացին, ապա դրա մասին արձանագրության մեջ կատարվում է համապատասխան նշում:
29. Համապատասխան արձանագրության պատճենն ստորագրությամբ հանձնվում է շահագրգիռ անձին, իսկ դրա անհնարինության դեպքում նրա` վերջին հայտնի հաշվառման վայրի համայնքի ղեկավարին: Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության շարժական գույքը հեռացնելիս համապատասխան արձանագրության պատճենն ստորագրությամբ հանձնվում է դրանց ներկայացուցչին:
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
մայիսի 10-ի N 797-Ն որոշման
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ, ՇԵՆՔՈՒՄ ԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՄ ԱՅԼ ԱՆՇԱՐԺ
ԳՈՒՅՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ԳՏՆՎՈՂ ՈՒՐԻՇԻ ՇԱՐԺԱԿԱՆ
ԳՈՒՅՔԸ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ
ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ, ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱԶԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ֆիզիկական անձի կամ ֆիզիկական անձի և շարժական գույքի ներխուժման դեպքում` ֆիզիկական անձի ներխուժման վերացումը կատարվում է սույն կարգի 1-ին հավելվածով սահմանված կարգով:
2. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը (այսուհետ նաև՝ շարժական գույք) հեռացնելու վերաբերյալ պահանջը շարժական գույքի վերջին հայտնի տիրապետողին (այսուհետ` շահագրգիռ անձ) ներկայացնում է շարժական գույքի գտնվելու վայրի համայնքի ղեկավարը, իսկ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու վերաբերյալ պահանջը ներկայացնում է նաև համապատասխան մարմնի կամ կազմակերպության ղեկավարը (այսուհետ բոլորը միասին՝ իրավասու մարմին), որը օրինական հիմունքներով տիրապետում է պետական կամ համայնքային շենքին կամ շինությանը:
3. Շարժական գույքը հեռացնելու վերաբերյալ պահանջի մեջ նշվում են պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի հասցեն, հեռացման ենթակա շարժական գույքի անհատականացնող տվյալները, հողամասի պետական կամ համայնքային սեփականություն հանդիսանալու վերաբերյալ նշում, շարժական գույքը հեռացնելու վերաբերյալ պահանջը, շարժական գույքը հեռացնելու համար տրվող ժամկետը, զգուշացում այն մասին, որ շարժական գույքը կամավոր չհեռացնելու դեպքում այն կհեռացվի հարկադիր՝ սույն հավելվածով նախատեսված կարգով: Շարժական գույքը հեռացնելու համար տրվող ժամկետը կարող է լինել ոչ ավելի, քան 30 և ոչ պակաս, քան 10 օր:
4. Շարժական գույքը հեռացնելու վերաբերյալ պահանջ ներկայացնելու նպատակով իրավասու մարմինն իրավունք ունի դիմելու պետական, տեղական ինքնակառավարման մարմիններին անհրաժեշտ փաստաթղթեր (տեղեկություններ) ստանալու պահանջով: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են 10-օրյա ժամկետում տրամադրել պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) կամ դրանց պատճենները՝ բացառությամբ, երբ պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) օրենքով պահպանվող գաղտնիք են պարունակում: Փաստաթղթերի (տեղեկությունների) տրամադրման մերժումը պետք է տրվի գրավոր և պատճառաբանված:
5. Շարժական գույքը հեռացնելու վերաբերյալ պահանջը իրավասու մարմինն ուղարկում է շահագրգիռ անձի հաշվառման և վերջին հայտնի բնակության վայրի (եթե այն հայտնի է) կամ հաշվառման և աշխատավայրի հասցեով (եթե այն հայտնի է) պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ: Եթե որևէ շահագրգիռ անձ հայտնի չէ, և հնարավոր չէ որևէ հասցեով ծանուցել, սույն կետում նշված իրավասու մարմինը՝ օրենքով սահմանված հրապարակային եղանակով՝ http://www.azdarar.am Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է ծանուցումը:
6. Շարժական գույքը հեռացնելու վերաբերյալ պահանջը ստանալուց կամ http://www.azdarar.am Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելուց հետո` պահանջի մեջ սահմանված ժամկետում շահագրգիռ անձը պարտավոր է հեռացնել շարժական գույքը:
7. Շարժական գույքի գտնվելու վայրի համայնքի ղեկավարը (Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետը) ապահովում է այն վայրի տրամադրումը, որտեղ կարող է տեղափոխվել շարժական գույքը: Այս պարագայում համայնքի ղեկավարը օժանդակություն ստանալու նպատակով կարող է դիմել համապատասխան տարածքային կառավարման պետական մարմնին:
8. Եթե շարժական գույքը չի հեռացվում կամավոր, ապա շարժական գույքի գտնվելու վայրի իրավասու մարմինն իրավունք ունի՝
1) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 203-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ հեռացնել ուրիշի շարժական գույքը՝ կազմելով արձանագրություն, որի մեջ պետք է արտացոլվեն սույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված՝ ոստիկանությանն ուղղված դիմումի մեջ ներառվող տեղեկություններն ու այլ փաստաթղթերը և սույն հավելվածի 14-րդ կետով նախատեսված արձանագրության մեջ ներառվող տեղեկությունները: Արձանագրությունը ստորագրվում է իրավասու մարմնի կողմից և դրա պատճենն ստորագրությամբ հանձնվում է շահագրգիռ անձին, իսկ դրա անհնարինության դեպքում` նրա վերջին հաշվառման վայրի համայնքի ղեկավարին:
Իրավասու մարմինն իրավունք չունի իրականացնելու շարժական գույքի հեռացումը, եթե առկա են սույն կարգի 1-ին հավելվածի 6-րդ կետով սահմանված հիմքերը.
2) դիմել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը (այսուհետ՝ ոստիկանություն)՝ խնդրելով իրականացնել շարժական գույքի հեռացումը՝ դիմումին կցելով շարժական գույքը հեռացնելու վերաբերյալ շահագրգիռ անձին ուղղված պահանջի պատճենը, նշված պահանջը շահագրգիռ անձին ուղարկելը հավաստող ապացույցները կամ հավաստումը, որ այն հրապարակվել է http://www.azdarar.am Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում՝ միաժամանակ ներկայացնելով հետադարձ ծանուցումը չստանալու կամ ծրարը հետ գալու փաստը հավաստող ապացույցը, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը շահագրգիռ անձի գույքային իրավունքներով ծանրաբեռնված չլինելու վերաբերյալ ապացույցը, հողամասի պետական կամ համայնքային սեփականություն հանդիսանալը հավաստող փաստաթղթերը, հասցեն որտեղ պետք է տեղափոխվի շարժական գույքը, սույն կարգի ու պայմանների ձևում նշված լիազորագրի ձևաթուղթը:
9. Սույն հավելվածի 8-րդ կետով նախատեսված դիմումը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում ոստիկանությունը՝
1) հեռացնում է շարժական գույքը, այդ թվում` հատուկ միջոցներ կիրառելով, կամ՝ 2) ձեռնարկում է համապատասխան միջոցներ` պետական կամ համայնքային սեփականություն անշարժ գույքից ուրիշի շարժական գույքը հեռացնելու համար տեխնիկական (տրանսպորտային) միջոցներ և (կամ) սպասարկող անձնակազմ ձեռք բերելու նպատակով, կամ՝
3) որոշում է կայացնում պահանջը մերժելու մասին, եթե իրավասու մարմնի դիմումը չի համապատասխանում սույն հավելվածով նախատեսված պահանջներին:
10. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու համար ոստիկանության կողմից պայմանագրային հիմունքներով կարող են օգտագործվել ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող տեխնիկական (տրանսպորտային) միջոցներ և (կամ) սպասարկող անձնակազմ, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող տեխնիկական (տրանսպորտային) միջոցներ:
11. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքից ուրիշի շարժական գույքը հեռացնելու համար տեխնիկական (տրանսպորտային) միջոցներ և (կամ) սպասարկող անձնակազմ ձեռք բերելու վերաբերյալ պայմանգրի կնքման պահից կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող տեխնիկական միջոցներ օգտագործելու համաձայնություն ստանալու պահից 30-օրյա ժամկետում ոստիկանությունն ապահովում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքից ապօրինաբար այնտեղ գտնվող ուրիշի շարժական գույքի հեռացնումը:
12. Ոստիկանն իրավունք չունի կողմերի նկատմամբ կիրառելու որևէ միջոց կամ պահանջ, եթե սույն հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետով նշված դիմումը ստանալուց հետո պարզում է, որ առկա են՝
1) ներխուժում իրականացրած կամ իրականացնող կամ այդ տարածքում շարժական գույք տեղադրած անձը տվյալ անշարժ գույքի օրինական տիրապետող է, կամ՝
2) անձը գրավոր կնքված քաղաքացիաիրավական կամ աշխատանքային կամ այլ պայմանագրի կամ լիազորագրի համաձայն իրավունք ունի մշտապես կամ որոշակի ժամանակով գտնվելու տվյալ անշարժ գույքի տարածքում կամ շարժական գույքը տեղադրելու տվյալ անշարժ գույքի տարածքում:
Նշված դեպքերում ոստիկանը կազմում է արձանագրություն սույն կարգի 1-ին հավելվածի 6-8-րդ կետերին համապատասխան՝ այնքանով, որքանով այդ կետերով սահմանված նորմերն իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են սույն կետով նախատեսված արձանագրության նկատմամբ:
13. Շարժական գույքի հեռացումը իրականացնելիս շարժական գույքին պատճառված վնասը փոխհատուցման ենթակա չէ:
14. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում, շենքում կամ շինությունում կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելուց հետո ոստիկանության համապատասխան ծառայողը կազմում է արձանագրություն, որի մեջ պետք է նշվեն արձանագրությունը կազմելու ամիսը, ամսաթիվը, ժամը և վայրը, արձանագրությունը կազմող անձի անունը և ազգանունը, նրա պաշտոնը, շարժական գույքը հեռացնելու համար հիմք հանդիսացած դիմումի պատճենը արձանագրությանը կցված լինելու վերաբերյալ հաստատումը, շարժական գույքի տեսակը, անհատական հատկանիշները և այլ առանձնահատկությունները, ինչպես նաև հասցեն, որտեղ տեղափոխվել է շարժական գույքը: Արձանագրությունն uտորագրում են այն կազմող ոստիկանը, իրավասու մարմինը և շահագրգիռ անձը, եթե նա գտնվում է դեպքի վայրում: Շահագրգիռ անձի կողմից արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելու դեպքում ոստիկանն արձանագրությունում այդ մասին կատարում է համապատասխան գրառում, որը հավաստվում է ոստիկանի և համայնքի ղեկավարի ստորագրություններով:
15. Համապատասխան արձանագրության պատճենն ստորագրությամբ հանձնվում է շահագրգիռ անձին, իսկ դրա անհնարինության դեպքում հրապարակվում է http://www.azdarar.am Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաև հանձնվում է ոստիկանություն դիմած պաշտոնատար անձին: Ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության շարժական գույքը հեռացնելիս համապատասխան արձանագրության պատճենն ստորագրությամբ հանձնվում է դրանց ներկայացուցչին:
Ձև
Լ Ի Ա Զ Ո Ր Ա Գ Ի Ր
__________________________________________
(լիազորագիրը տալու ամսաթիվը, ամիսը (տառերով), տարեթիվը)
Ես` __________________________________________________ ,
_______________________________________________________
(լիազորողի` օրինական տիրապետողի անունը, հայրանունը (նրա անձը հաստատող փաստաթղթում հայրության գրառման առկայության դեպքում), ազգանունը, անձնագրային տվյալները
(համարը, սերիան, ում կողմից և երբ է տրված)
լիազորում եմ ______________________________________________
_______________________________________________________
(ոստիկանության ծառայողի պաշտոնը, անունը, հայրանունը (նրա անձը հաստատող փաստաթղթում հայրության գրառման առկայության դեպքում), ազգանունը, վկայականի կամ անձնագրի տվյալները (համարը, սերիան, ում կողմից և երբ է տրված)
կանխելու կամ վերացնելու առանց օրինական հիմքերի _____________________
____________հասցեում գտնվող անշարժ գույքի տարածք ներխուժումը (ֆիզիկական անձի, ֆիզիկական անձի և շարժական գույքի, շարժական գույքի):
(անշարժ գույքի գտնվելու վայրը)
___________________________
(լիազորողի անունը, ազգանունը) ____________________
(ստորագրությունը)
___________________________
(ոստիկանության ծառայողի անունը, ազգանունը) ____________________
(ստորագրությունը):