21 Հունվարի 2021, 56 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 193 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը հաստատելու մասին N 193 որոշմամբ հաստատված՝ նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.2-րդ կետով.
«7.2. Ռազմական, արտակարգ դրության ժամանակ կամ այլ արտակարգ իրավիճակների պայմաններում տվյալ տարվա ընթացքում որակավորման ստուգում կարող է չանցկացվել: Կազմակերպված որակավորման ստուգումը կարող է հանձնաժողովի որոշմամբ հետաձգվել ռազմական, արտակարգ դրության ժամանակ կամ այլ արտակարգ իրավիճակների պայմաններում: Սույն դեպքում որակավորման ստուգումները մեկնարկում (շարունակվում) են որոշման կայացման համար հիմք հանդիսացած բոլոր հանգամանքները վերանալուց հետո հաջորդող մեկ տարվա ընթացքում:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: