30 Դեկտեմբերի 2020, 2206 - Ն
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳՐԻԲՈՅԵԴՈՎԻ ՓՈՂՈՑԻ N 48 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 86-րդ հոդվածի 3-րդ մասին, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 14-րդ կետին համապատասխան` բնակարանային շինարարությունը խրախուսելու և կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի N 48 հասցեում (Արաբկիր վարչական շրջան) «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից (այսուհետ՝ Կառուցապատող) կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) ծրագրի շրջանակներում վաճառքի ենթակա է թվով 1000 բնակարան և թվով 1000 ավտոկայանատեղի, որպես մեկ գույքային միավորներ, որոնք խաղարկվելու են և շահառուներին հանձնվելու են 2 փուլով՝
ա. առաջին փուլով նախատեսված է 478 բնակարան և 478 ավտոկայանատեղի,
բ. երկրորդ փուլով նախատեսված է 522 բնակարան և 522 ավտոկայանատեղի (տվյալ փուլի համար անհրաժեշտ շինարարության թույտվության տրամադրվելուց հետո՝ առանձին կառավարության որոշում ընդունելու միջոցով),
գ. սույն որոշմամբ սահմանված կարգով վաճառքի ենթակա է առաջին փուլով նախատեսված թվով 478 բնակարան և թվով 478 ավտոկայանատեղի, որպես մեկ գույքային միավոր.
2) ծրագրի շրջանակներում կառուցվող շենքային համալիրի բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և համակարգում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե):
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված շենքային համալիրի շենքերից բնակարանների և ավտոկայանատեղիների բաշխման, վաճառքից առաջացած ֆինանսական մուտքերն ու ելքերն իրականացնել Կոմիտեի անվամբ բացված՝ պետական բյուջեի միջոցների և համայնքների բյուջեների միջոցների ենթահաշվից դուրս գործող գանձապետական ավանդային հաշվի միջոցով:
4. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետի համաձայն բացված ավանդային հաշվի մուտքերն են ծրագրի շահառուների կողմից պետությանը կատարվող կանխավճարները, Կառուցապատողին միանվագ տարբերակով վճարված կանխավճարի դիմաց ստացված տոկոսները, իսկ ելքերը կատարվում են հետևյալ ուղղություններով՝
1) Կառուցապատողի և պետության միջև կնքված նախնական առուվաճառքի պայմանագրի շրջանակներում Կառուցապատողին կատարվող կանխավճարներ.
2) ծրագրի շահառուների վճարած կանխավճարի վերադարձներ.
3) սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի`
ա. 21-րդ կետի 1-ին ենթակետի «բ» ու «գ» պարբերությունների և 28-րդ կետի 10-րդ ենթակետի համաձայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցվող տուգանքի գումարները,
բ. 18-րդ կետում նշված գրավի առարկայի գնման (հետգնման) գծով փոխանցումները.
4) Կոմիտեի կողմից ծրագրի կազմակերպչական ծախսերը, որի տարեկան գումարը չպետք է գերազանցի Կառուցապատողին միանվագ տարբերակով վճարված կանխավճարի դիմաց ստացված տոկոսավճարի 30 տոկոսը, սակայն ոչ ավելի, քան 5 (հինգ) միլիոն դրամը:
5. Կոմիտեի նախագահին՝ ապահովել՝
1) Հայաստանի Հանրապետության անունից գործող՝ Կոմիտեի և Կառուցապատողի հետ Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի N 48 հասցեում (Արաբկիր վարչական շրջան) կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագրի և նույն հասցեում կառուցապատվող հողամասի գրավի կամ հաջորդող գրավի պայմանագրի կնքումը՝ սույն որոշմամբ հաստատված կարգով սահմանված հիմնական պայմաններով.
2) Հայաստանի Հանրապետության անունից գործող՝ Կոմիտեի և շահառուների (այդ թվում՝ ծրագրի վարկատուի) հետ սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված համապատասխան համաձայնագրերի կնքումը.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեի պաշտոնական կայքում հաշվի մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկատվության՝ ընդհանուր ցուցանիշներով, հրապարակումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: