30 Դեկտեմբերի 2020, 2209 - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2020 թվականի օգոստոսի 18-ի N 102 որոշման 4-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Կիրառել սակագնային քվոտա` 2021 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշմամբ նախատեսված սակագնային քվոտայի կիրառումը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածք «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառմամբ ներմուծվող՝ սույն որոշման N 1 հավելվածում նշված առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների (այսուհետ՝ սույն որոշման մեջ և NN 2, 3, 4 հավելվածներում՝ առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքներ) վրա՝ բացառությամբ ԱՊՀ անդամ պետություններից ծագող և ներմուծվող ապրանքների.
2) 2021 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը թույլատրվում է N 1 հավելվածով սահմանված քվոտայից ոչ ավելի ծավալով` լիցենզիայի առկայության դեպքում.
3) առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման լիցենզիա տալու մասով լիազոր մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին):
3. Հաստատել՝
1) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլատրելի ծավալի բաշխման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
2) առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման մեկանգամյա լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի.
3) առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման գլխավոր լիցենզիայի ձևը` համաձայն N 4 հավելվածի։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: