24 Դեկտեմբերի 2020, 2180 - Լ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԱՄԵՆԱՄՍՅԱ ԴՐԱՄԱԿԱՆ ՎՃԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճար տրամադրելու կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարներին, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` վերաբերող մասով ապահովել սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված միջոցառումների պատշաճ և ժամանակին կատարումը:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշման 3-րդ կետով սահմանված գումարները պետական բյուջեից Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամին են տրամադրվում նվիրատվության պայմանագրի հիման վրա, իսկ չօգտագործված գումարները (մնացորդները) ենթակա չեն վերադարձման պետական բյուջե: