Կառավարության որոշումներ

24 Դեկտեմբերի 2020, 2148 - Լ

2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՍԿՍՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԱՄ ԱՅԼ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ԿՈՐՑՐԱԾ ՉԱՓԱՀԱՍ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԵՌԱՄՍՅԱ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող համայնքների հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման եռամսյա սոցիալական աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Առաջարկել Արցախի Հանրապետության կառավարությանը՝
1) մինչև 2020 թվականի դեկտեմբերի 24-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) սոցիալական ապահովության ծառայությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2021-Լ որոշմամբ նշված (Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո մնացած) համայնքներում մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը առնվազն վերջին 3 ամիսը բնակված քաղաքացիների (այսուհետ՝ քաղաքացիներ) տվյալները,
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը (իսկ դեկտեմբեր ամսվա համար՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 24-ը) նախարարությանը տրամադրել չափահաս քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն վերադառնալու և Արցախի Հանրապետությունում բնակություն հաստատելու վերաբերյալ տեղեկություն,
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև յուրաքանչյուր ամսվա 16-ը (իսկ դեկտեմբեր ամսվա համար՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 24-ը) նախարարությանը տրամադրել Արցախի Հանրապետությունում չափահաս քաղաքացիներին հյուրընկալողների ցուցակները,
4) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև յուրաքանչյուր ամսվա 16-ը (իսկ դեկտեմբեր ամսվա համար՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 24-ը) նախարարությանը տրամադրել Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող համայնքների բնակելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության (այդ թվում՝ համատեղ կամ բաժնային) իրավունք ունեցող ֆիզիկական անձանց վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը՝ սեփականատիրոջ (սեփականատերերի) անունը, ազգանունը, հայրանունը, առկայության դեպքում հանրային ծառայությունների համարանիշը, անշարժ գույքի հասցեն, տեսակը և կադաստրային ծածկագիրը:
3. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև յուրաքանչյուր ամսվա 16-ը (դեկտեմբեր ամսվա համար՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 24-ը) նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքի նկատմամբ սեփականության (այդ թվում՝ համատեղ կամ բաժնային) իրավունք ունեցող ֆիզիկական անձանց վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը՝ սեփականատիրոջ (սեփականատերերի) անունը, ազգանունը, հայրանունը, առկայության դեպքում հանրային ծառայությունների համարանիշը, անշարժ գույքի հասցեն, տեսակը և կադաստրային ծածկագիրը:
4. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ նախարարությունից յուրաքանչյուր ամսվա 16-ին (իսկ դեկտեմբեր ամսվա համար՝ 2020 թվականի դեկտեմբերի 24-ին)՝ չափահաս քաղաքացիների վերաբերյալ տվյալները ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում նախարարությանը տրամադրել տվյալ ամսվա 16-ի (իսկ դեկտեմբեր ամսվա համար՝ 2020 թվականի դեկտեմբերի 23-ի)՝ դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում գտնվող չափահաս քաղաքացիների (սահմանահատման) վերաբերյալ տվյալները:
5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2021 թվականի հունվարի 12-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ սույն որոշման 1-ին կետով նախատեսված սոցիալական աջակցության տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:
6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 24-ը նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում 2020 թվականի դեկտեմբերի 23-ի դրությամբ հաշվառված չափահաս քաղաքացիների տվյալները։

հավելված

Արխիվ

2024

2023